ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հունվարի 29-ին հանդիպել է «Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի» (AMRF) ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2025 թվականի հունիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի» (AMRF) միջև կնքված «Մտադրությունների մասին հուշագրի» շրջանակներում անասնաբուծության ոլորտում առաջիկայում նախատեսվող միջոցառումները։
Գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը աջակցություն ցուցաբերելու նպատակով ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնքում կառուցել ժամանակակից անասնաշենք և կաթի վերամշակման գործարան։ Այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել են, որի շրջանակներում ձևավորման փուլում է գտնվում կոոպերատիվների ստեղծման գործընթացը։
Քննարկման արդյունքում Տաթևիկ Սարգսյանը մեկ անգամ ևս կարևորել է ոլորտի զարգացմանը միտված, պետական ծրագրերի շրջանակներում աջակցելու գործընթացը։