Մենք դատական ոլորտի բարեփոխումները շարունակելու ենք, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների տրամաբանության մեջ, և առիթ ունեցել եմ ասելու, որ կարծում եմ՝ Հայաստանում պետք է ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտ, որը նաև դատական համակարգի օրգանական շատ կոնկրետ և ուղիղ կապ կստեղծի հանրության հետ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ վերաբերում է արդարությանը և արդարադատությանը, գիտեք, որ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ռազմավարություն ունենք, մոնիթորինգի խումբ ունենք, բայց պետք է ասեմ, որ վերջերս, երբ որ դատական համակարգի ներկայացուցիչների հետ պանելային քննարկման էի մասնակցում, արձանագրում եմ, որ ի տարբերություն 2018, 2019 թվականների, երբ ինձ հասցեագրված դիմումների մի հսկայական մասը վերաբերում էր դատարաններին, դրանց կողմից կայացված անարդար և անհիմն որոշումներին, ներկայումս այդպիսի նամակների տեսակարար կշիռը անգամներով, եթե ոչ տասնյակ անգամներով է նվազել, ընդ որում՝ ես քաղաքացիներից նամակներ ստանում եմ ամեն օր, կարդում եմ ամեն օր, դրանցով զբաղվում եմ ամեն օր»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: