Կառավարության նոր ծրագրում, ըստ ԿԳՄՍ նախարարի, ավելի մեծ շեշտադրում է նախատեսվում սպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների ծրագրի օրինակով նախատեսվում է իրականացնել նաև շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոցների կառուցման, վերակառուցման և նոր գույքով հագեցման ծրագիր։
«Պետությունը երբեք մարզադպրոցների պայմանների բարելավման և արդիականացման ուղղությամբ համակարգված ու հետևողական քաղաքականություն չի ունեցել։ Ունեցել ենք առանձին միջոցառումներ՝ որոշ անհրաժեշտ և հիմնականում հրատապ հարցեր լուծելու համար, սակայն հիմա այս համակարգված և հետևողական ծրագրով կարողանալու ենք մեր շուրջ 50 մարզադպրոցներ ամբողջությամբ բերել նոր, ժամանակակից պայմանների»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նրա գնահատմամբ՝ ժամանակակից ենթակառուցվածքները պետք է ոչ միայն նպաստեն բարձր նվաճումների սպորտի զարգացմանը, այլև փոխեն հասարակության վերաբերմունքն առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության նկատմամբ։ Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում անդրադարձել է նաև դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ տարիներ շարունակ ձևավորված վերաբերմունքին։ Նրա խոսքով՝ սա հանգեցրել է մի իրավիճակի, երբ երեխաների ֆիզիկական առողջության և սպորտով զբաղվելու ցուցանիշներն էական անկում են գրանցել:
Նրա խոսքով՝ այսօր դեռ կան դպրոցներ, որոնք մարզադահլիճ չունեն, և դրանց ամբողջական վերակառուցման շրջանակում զրոյից կառուցվում են նաև մարզադահլիճներ։ Կառավարության նոր ծրագրով նպատակ է դրվել, որ յուրաքանչյուր երեխա հասանելիություն ունենա սպորտային ենթակառուցվածքներին և հնարավորություն ստանա զբաղվելու իր նախընտրած մարզաձևով։