ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրեց Դավիթ Ղազինյանի թեկնածությունը: Նրան խորհրդարանում ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը:
Դավիթ Ղազինյանը ծնվել է 1981 թվականին Երևանում: 2002-ին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի մագիստրոսի աստիճան: 2002-ին ընդունվել է ԳԱԱ ասպիրանտուրա, նույն տարում զորակոչվել է բանակ: Պահեստազորի շարքային է:
2006 թվականից առանցքային պաշտոններ է զբաղեցրել ՀԷՑ-ում, եղել է տնօրենի տեղակալ, իրացման տնօրենի տեղակալ, ղեկավարել է «Մուսալեռ» մասնաճյուղը, իսկ 2025-ին եղել է վերջինիս գլխավոր տնօրենի պաշտոնակատարը:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Իր ելույթի ժամանակ Դավիթ Ղազինյանն ասաց, որ վերաիմաստավորման կարիք ունի մարզպետի և մարզպետի աշխատակազմի դերը: Մարզպետարանը պետք է վարչարար մարմնից վերածվի տարածքային զարգացման իրական կենտրոնի՝ համադրելով համայնքային, մարզային և պետական զարգացման ծրագրերը, ձևավորելով մարզի երկարաժամկետ առաջնահերթություններ և նպաստելով ներդրումների ներգրավմանը:
«Հայաստանում պետք է ճանապարհաշինությունից անցում կատարել ճանապարհային ենթակառուցվածքների ամբողջական կառավարման մոդելի: Ճանապարհը չպետք է ավարտվի շինարարության ընդունման ակտով, յուրաքանչյուր ճանապարհ պետք է ունենա իր ամբողջ կենսացիկլի համար ամբողջական կառավարում»,- ասաց նա՝ այս համատեքստում կարևորելով նաև Երևանի ճանապարհների բեռնաթափման անհրաժեշտությունը:
Դավիթ Ղազինյանը, դիմելով իշխող խմբակցությանը, նաև հայտարարեց, որ չի խնդրելու, հորդորելու իրեն ընտրել, բայց ընտրվելու դեպքում պատրաստ է համագործակցել՝ անկախ քաղաքական խոր տարաձայնություններից: