Օգոստոսի 15-ին Գորիսում անցկացվել է «Գորիսյան օրեր» ամենամյա համաքաղաքային միջոցառումների շարքը, և քաղաքն առաջին անգամ հյուրընկալել է նաև «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Միջոցառումներին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ԱԺ պատգամավորներ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանից և արտերկրից ժամանած հյուրեր։
«Գորիսյան օրերի» մեկնարկը տրվել է Չոփչունց ձոր թաղամասում։ Օրվա ընթացքում անցկացվել են ազգային ուտեստների հյուրասիրություն, ժողովրդական երգի ու պարի կատարումներ, տեղական արտադրանքի տոնավաճառ, մարզամշակութային և ժամանցային այլ միջոցառումներ։ Հյուրերը հնարավորություն են ունեցել շրջելու տաղավարներում, ծանոթանալու Գորիսի ավանդական խոհանոցին և տեղական արտադրանքին։
Միջոցառումների շրջանակում հյուրերի համար կազմակերպվել էին նաև անվճար երթուղիներ դեպի Գորիսի տարածաշրջանի տեսարժան վայրեր, իսկ քաղաքի տարբեր հատվածներում օրվա ընթացքում շարունակվել են մշակութային և երաժշտական ծրագրերը։
Երեկոյան Գորիսում կայացել է նաև «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որի ծրագրում ներառված են եղել համերգային և ժամանցային միջոցառումներ։ Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
«Գորիսյան օրերի» և «Ֆեստիվառի» համատեղ անցկացումը մեկ հարթակում միավորել է մշակույթը, տեղական ավանդույթները, զբոսաշրջությունը, համայնքային կյանքն ու ժամանցը՝ Գորիսը մեկ օրով դարձնելով բազմաբովանդակ միջոցառումների կենտրոն։