ԱՄՆ-ի, Դանիայի և դրա կազմի մեջ մտնող Գրենլանդիայի միջև եռակողմ բանակցություններից հետո Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հայտարարել է, որ չնայած բոլոր հարցերը լուծված չեն, սակայն այժմ ավելի մեծ լավատեսություն կա, քան մեկ շաբաթ առաջ: Կողմերը նախատեսում են շարունակել շփումները:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել էր Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենին: Նա ընդգծել էր Արկտիկայում պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի դիրքորոշումը Հեռավոր Հյուսիսում և Չինաստանի տնտեսական ներկայությունը:
Գրենլանդիայի վարչապետն իր հերթին նշել էր՝ հարկավոր է մեծացնել տարածաշրջանում անվտանգությունը՝ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության ֆոնին: Դանիայի վարչապետն էլ բարձր էր գնահատել այն, որ ճգնաժամի պահին եվրոպացիները միավորվել են և դեմ արտահայտվել կղզին ԱՄՆ-ին միացնելու նախագահ Դոնալդ Թրամփի նկրտումներին: Օրեր առաջ ԱՄՆ նախագահը փոխել էր իր դիրքորոշումը՝ հրաժարվելով ԵՄ երկրների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու գաղափարից և Գրենլանդիան ուժով գրավելու սպառնալիքներից: