Կայացել է COP17-ի կազմկոմիտեի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկել ենք համաժողովին առնչվող կազմակերպչական և լոգիստիկ հարցեր։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
Հանդիպմանը մասնակցել են վարչապետի որոշմամբ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կոմիտեի անդամ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները։
«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք COP17-ին նախապատրաստական աշխատանքների ընթացքին, հստակեցրել ենք առաջիկա քայլերը, ինչպես նաև՝ տարբեր գերատեսչությունների և պատասխանատու կառույցների միջև աշխատանքների բաժանումը։
Քննարկել ենք յուրաքանչյուր գերատեսչության լիազորությունների շրջանակում գտնվող տեխնիկական մի շարք հարցեր, համաժողովի անցկացման վայրին և տեխնիկական ապահովմանը վերաբերող նախնական կազմակերպչական քայլերը, տեղեկատվական և աշխատանքային հոսքերի արդյունավետ կառավարման մեխանիզմներ։
Նիստի ընթացքում յուրաքանչյուր պատասխանատու ներկայացրել է նախորդ հանդիպումից հետո իրականացված աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները։
COP17-ի արդյունավետ կազմակերպումը պահանջում է ոչ միայն քաղաքական կամք, այլև մանրակրկիտ կազմակերպչական աշխատանք, ժամկետների խիստ պահպանում և բոլոր ներգրավված կառույցների սերտ համագործակցություն։ Այս փուլում մեր առաջնահերթությունը հստակ գործողությունների պլանի ձևավորումն է և պատասխանատվությունների ճիշտ բաշխումը։
Քննարկումների արդյունքում նախանշել ենք կոնկրետ քայլեր և ձեռք բերել պայմանավորվածություններ՝ ուղղված COP17 համաժողովի կազմակերպման գործընթացի արդյունավետ իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
