ՀՀ կառավարությունը «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշում է ընդունել:
Ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը:
«Նախորդ տարի որոշում է կայացվել 2026 թվականի գարնանային գագաթնաժողովի հյուրընկալումը վերապահել Հայաստանին, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության մասին:
Եվրոպացի մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում որոշվել է գագաթնաժողովն անցկացնել 2026 թվականի մայիսի 3-ին և 4-ին: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակությունների, երկրի և կառույցի ղեկավարների մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել աշխատանքային օրվա տեղափոխություն կատարել: Առաջարկում եմ մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18-ի շաբաթ օրը»,- տեղեկացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Ուզում եմ առիթից օգտվել՝ ևս մեկ անգամ եվրոպական քաղաքական համայնքի մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել գագաթնաժողովը երևանում անցկացնելու համար: Սա շատ կարևոր հանգրվան է մեր պետության կայացման և հեղինակության ամրապնդման տեսակետից, և, իհարկե, կարևոր է նաև, որ մենք միջոցառումը հյուրընկալենք կազմակերպչական ամենաբարձր մակարդակով, և համոզված ենք, որ այդպես էլ կլինի»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: