Հավանություն է տրվել «Օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագծին:
Ըստ հիմնավորման՝ 2021 թ. նոյեմբերի 15-ին Եվրոպական միությունը և Հայաստանի Հանրապետությունը ստորագրել են ՀՀ-ԵՄ «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, որի հիմքում ավիացիոն անվտանգության, անվտանգային և օդային երթևեկության կառավարման ընդհանուր բարձր չափանիշներն են։
Համաձայնագրի դրույթներին համահունչ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ՀՀ օրենսդրությունը շարունակաբար համապատասխանեցնի ԵՄ ավիացիոն կանոնակարգին և չափանիշներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, անվտանգությունը, շրջակա միջավայրը, տնտեսական կարգավորումները, մրցակցությունը, սպառողների պաշտպանությունը և սոցիալական բնագավառները:
Օրինագծի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի դրույթներից և հանդիսանում է Եվրոպական միության և ՀՀ ավիացիոն ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման գործընթացի հերթական մասը։