Կառավարության նիստում անդրադարձ է կատարվել նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացին: Վարչապետն ընդգծել է, որ սկսել են որոշակի դրական արձագանքներ ստանալ դրա վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է բուժաշխատողների մտահոգություններին, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դրանք կհավաքագրվեն և հիմնավորները լուծում կստանան:
Արձագանքելով՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է. «Բժշկական կենտրոնների և պոլիկլինիկաների, ամբուլատորիաների առաջնակի տեղեկատվական և գործառնական հատվածը կարծես արդեն հաղթահարված ենք համարում: Մենք դիտարկում ենք այս բարեփոխումը դինամիկ զարգացման տեսանկյունից և բուժաշխատողների, առողջապահական կազմակերպությունների ղեկավարների, կազմակերպիչների հետ անընդհատ աշխատանքի մեջ ենք: Այո՛, բոլոր հետադարձ արձագանքները՝ կապված բժշկական ծառայությունների գների, տրամադրման ձևաչափի հետ, մենք մանրակրկիտ միասնական աշխատանքով առաջիկայում դիտարկելու ենք»։
Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում նվազել է նաև քաղաքացիների կողմից տեղեկատվություն ստանալու հոսքը: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգերը ևս տալիս են դրական փոփոխություններ: «Մենք նաև որոշակի փոփոխություններ ենք իրականացրել ներքին՝ մեկ կաբինետից մյուս կաբինետ փաստաթղթային և շրջանառության մեջ, ավելի պարզեցրել և կրճատել ենք»,-ասել է նախարարը:
Այսպիսով՝ հունվարի 29-ի առավոտյան 10-ի դրությամբ 255,234 ապահովագրական այց է գրանցվել, որից 231993-ը ամբուլատոր այցերն են, 20875՝ հիվանդանոցային, 1390՝ ցերեկային ստացիոնար, շտապօգնության՝ 976 կանչ:
Անահիտ Ավանեսյանը հայտնել է նաև, որ ի կատարումն վարչապետի հանձնարարականի, մասնագետների հետ կազմել են պարզ հարցաշար. «Կամավորներին ընդգրկման փուլում ենք, հաջորդ շաբաթվանից նրանք այցելություններ կիրականացնեն դեղատներ, պոլիկլինիկաներ, բժշկական կենտրոններ: Բացի այդ, բոլոր կենտրոններում միջանցքներում փակցված կլինեն մեծ QR կոդեր, որոնք սկանավորելով քաղաքացին հեռախոսով կարող է անանուն այդ հարցաշարը լրացնել և առաջարկություն ներկայացնել, կարծիքը հայտնել: Իրենց դիտարկումներն էլ մեզ համար շատ կարևոր են, որ մենք անընդհատ լավարկենք գործընթացները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
Արձագանքելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ համակարգի հետ կապված արհեստական աղմուկներ լինելու են, քանի որ այն շատ լուրջ կրճատելու է ստվերն առողջապահությունում: «Այստեղ զուգահեռ մի քանի բան է տեղի ունենում՝ և՛ «Արմեդում» հաշվառման հանգամանքը պարտադիր դառնալը, և՛ ՀԴՄ-ներում «Արմեդ»-ի կոդ նշելը: Այսինքն՝ սա բավականին լուրջ ճնշում է ստվերի վրա: Կարծում եմ՝ ստվերը արձագանք կտա, բայց մենք, իհարկե, պարտավոր ենք զտել այդ արհեստական աղմուկը»,- նշել է փոխվարչապետը: