«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր պատգամավոր Իրինա Յոլյանի թեկնածության քննարկման ժամանակ անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանի այն դիտարկմանը, թե Իրինա Յոլյանը մեծ աշխատանք է կատարել 44-օրյա պատերազմի ժամանակ և հետպատերազմյան սյունիքյան ճգնաժամի օրերին:
«Այդ աշխատանքի շնորհիվ Գորիսը պետություն էր պետության մեջ»,- հայտարարել էր պատգամավոր Անուշ Միրզոյանը:
Այս համատեքստում Տարոն Չախոյանը, դիմելով Իրինա Յոլյանին, հայտարարեց. «Չգիտեմ՝ գիտակցելո՞վ, թե՞ անգիտակցաբար ձեր գործընկերը մեղադրեց ձեզ հակապետականության մեջ: Պետության մեջ պետություն չի եղել և չի կարող լինել: Եթե եղավ, այդ պետությունը կազմաքանդվելու է. դա հակապետականություն է, ապապետականություն է: Հետո էլ կգաք, միամիտ դեմքով կկանգնեք կասեք՝ վա՛յ, մեզ ասացին ապապետական ուժ: Բա ապապետականությունը ո՞նց է լինում:
Ասեմ ավելին, դուք փորձում եք քաջալերել նաև այն անձանց, որոնք փորձում են պետության մեջ պետություն դառնալ,- ասաց Չախոյանը և հավելեց,- Կտրիճ Ներսիսյանն էլ է փորձում պետության մեջ պետություն ստեղծել»:
Գարեգին Բ-ին ավազանի անունով դիմելուց հետո ընդդիմությունը կրկին, ի նշան բողոքի, ձեռքով հարվածեց սեղաններին: