Կառավարության՝ հունվարի 29-ի նիստին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց ՀՀ գիտության ոլորտի զարգացման՝ 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը:
Ծրագիրը նպատակ ունի շարունակել պետական նախաձեռնողական քաղաքականությունը գիտական գերազանցության և միջազգային հեղինակության բարձրացման ուղղությամբ, իրականացնել գիտության տնտեսականացմանն ուղղված ծրագրեր, որոնք համակարգը կզինեն գիտությունից արտադրություն ճանապարհն անցնելու կարողություններով, ենթակառուցվածքներով, վերակազմակերպել ոլորտի կառուցվածքը՝ զինելով բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և ենթակառուցվածքներով, միևնույն ժամանակ, ոլորտի կառավարությունը դարձնելով թվային ու օպտիմալ:
Ծրագիրը 94 գործողություն է ներառում: Դրանք այն թիրախներն են, որոնց պետք է հասնել մինչև 2030 թվականը: Նախարարը թվարկեց այդ թիրախներից մի քանիսը:
«Նախատեսում ենք, որ արտերկրի առնվազն 400 առաջատար հետազոտողներ հետազոտական խմբեր կհիմնեն ՀՀ-ում՝ դրանով իսկ նպաստելով գիտության հետազոտությունների որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը:
Առնվազն 1000 գիտաշխատողներ կվերապատրաստվեն արտերկրի առաջատար կենտրոններում: Արտերկրի 150 երիտասարդ հետազոտողների՝ ՀՀ տեղափոխման ծրագիր ենք ներդնելու, նաև գլոբալ առաջատար 5 հետազոտողների՝ ՀՀ տեղափոխման:
Կհիմնադրվի ռիսկային նախաձեռնություններում ներդրումների՝ պետություն-մասնավոր հիմնադրամ, կներդրվի մասնավոր հատվածում մտավոր սեփականության պաշտպանության խթանման համակարգ»,- ասաց նա:
Նախարարը նաև ընդգծեց՝ գիտության ռազմավարական ծրագրի ամենակարևոր հանձնառությունն է մինչև 2030 թվականը գիտության ոլորտի ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի շուրջ 1 տոկոսի, որի շուրջ 0,75 տոկոսը նախատեսվում է իրականացնել պետության կողմից, իսկ 0,25 տոկոսը՝ մասնավորի կողմից՝ խրախուսելով նաև մասնավոր ներդրումները գիտական հետազոտություններում և մշակումներում: