Ոչ ոք չի կարող ստիպել Հայաստանին մնալ Եվրասիական տնտեսական միությունում, սակայն պարզաբանումներ պետք է լինեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը: Դմիտրի Պեսկովը հավելել է՝ Հայաստանի եվրաինտեգրման մտադրությունը ամրագրված է օրենքով: Նրա խոսքով՝ դա ըստ էության արդեն իրավաբանորեն պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը և պետական մարմիններին կենտրոնանալ եվրաինտեգրման վրա։ «Սակայն դա անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցության հետ»,- կրկնել է Պեսկովը։
«Հայաստանը դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին անդամակցությունից: Հայերը պետք է որոշեն՝ արդյոք Եվրամիությունը կարող է նույնը ապահովել»,- ասել է ռուս պաշտոնյան։
Կրեմլի խոսնակը հավելել է, որ ԵԱՏՄ նիստերի օրակարգը բարդ է լինելու, նրա ձևակերպմամբ, Հայաստանի հետ կապված բարդ իրավիճակի պատճառով: Խոսելով ԵԱՏՄ առաջիկա նիստի մասին՝ նա նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ կառույցի անդամ և աշխատանքային մակարդակով կմասնակցի հանդիպմանը: «Երկրի բարձրագույն ղեկավարությունը զբաղված է ընտրարշավով, մենք դա հասկանում ենք»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում: