Իսլանդիայում մեկնարկել է Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ հանրաքվեն: Լրատվամիջոցների տվյալով՝ այն մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրի քաղաքացիների շրջանում. ավելի քան 60 հազար քաղաքացի՝ բնակչության մոտ 20 տոկոսը, քվեարկել է ժամկետից շուտ:
Հանրաքվեին նախորդող օրերին անցկացված հարցումների տվյալների համաձայն՝ ԵՄ-ի հետ բանակցությունների վերսկսման կողմնակիցների և հակառակորդների միջև տարբերությունը նվազագույն կլինի, սակայն, ամենայն հավանականությամբ, հաղթանակ կտանեն ԵՄ-ի հետ մերձեցման կողմնակիցները՝ 51 տոկոսը՝ 48 տոկոսի դիմաց:
Հանրաքվեի արդյունքները կորոշեն, թե արդյոք Իսլանդիայի կառավարությունը մանդատ կստանա բանակցությունները վերսկսելու համար: Այնուհետև, եթե Բրյուսելի հետ բանակցային գործընթացը հաջողությամբ ավարտվի, իսլանդացիներին ևս մեկ հանրաքվե է սպասվում. նրանք պետք է արտահայտվեն Եվրամիությանը միանալու կոնկրետ ծրագրի շուրջ։