ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ասուլիսում հստակեցրել է ԵԱՏՄ-ից դուրս գալու ժամկետների և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք ԵԱՏՄ-ում մնալը ռուսական ճնշումների հետևա՞նք է, վարչապետը հերքել է դա՝ ընդգծելով, որ դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է, և ԵԱՏՄ-ից դուրս գալը ուղիղ կապված է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի հետ։
«Ես ասել եմ, որ մինչև այն կետը, քանի դեռ Եվրասիական տնտեսական միությանն անդամ լինելը և Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի պրոցեսները համատեղելի են, մենք այդ ճանապարհով գնալու ենք: Դա կարող է համատեղելի լինել մինչև 2030 թիվը, դա կարող է համատեղելի լինել մինչև 2026 թվի դեկտեմբերը, կամ մինչև 2027 թվի հունիսը։ Ժամանակը ցույց կտա։ Դա մեր ինքնիշխան որոշումն է»,- նշել է Փաշինյանը։