ՌԴ նախագահի և ՌԴ կառավարության ղեկավարի հետ ունեմ վստահելի հարաբերություններ, և առաջին անգամ չէ, որ հարցեր են ծագում, որոնք պարզաբանման կարիք ունեն: Նաև Կրեմլը պաշտոնապես հանդես էր եկել մեկնաբանությամբ, որ հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն: Այո՛, այդ հարցերը կպարզաբանվեն: Այդ մասին զորահանդեսից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ-ից պաշտոնական հայտարարություն-նամակին, որը վերաբերում է ՀՀ-ի հետ գազային պայմանագրին:
Լրագրողը հետաքրքրվեց՝ ՀՀ-ն ծանուցվե՞լ է, որ 2013-ին ՀՀ-ի գազային պայմանագիրը վերանայվելու է, իսկ գազը թանկանալու է, ՀՀ-ն պատրա՞ստ է թանկ գնով գազ գնել ՌԴ-ից: Փաշինյանը պատասխանեց՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են:
«Հայաստանն այլևս այն երկիրը չէ, որ պլեճի կամ ծիպուլի հույսին է, և երբ հանկարծ լուր տարածվի, որ կարտոշկի գինը 5 դրամով բարձրանում է, ժողովրդի ճնշումը բարձրանալու է: ՀՀ-ն այլևս հազարների և տասնյակ հազարների երկիր չէ: ՀՀ-ն միլիարդների և տրիլիոնների երկիր է:
Ինչ վերաբերում է 2013 թվականի պայմանագրի հարցերին, այս ընթացքում շատ պրոցեսներ են եղել, որ մարդիկ տեղյակ էլ չեն եղել, և նմանատիպ պրոցեսներ այս ընթացքում մի քանի անգամ եղել են, բայց Հայաստանի քաղաքացին ոչ մի անգամ չի զգացել դա, որովհետև մենք աշխատել ենք, աշխատանքային կարգով լուծումները գտել ենք: Համոզված եմ՝ այս անգամ էլ լուծումները կգտնեք: Ինչո՞ւ եմ համոզված․ որովհետև միակ պաշտոնյան եմ, որ և՛ Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի անդամ է, և՛ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ է: Ուզում եմ պատկերացնենք՝ այս լծակի մասշտաբը և այդ լծակի ընձեռած հնարավորությունները: Կարծում եմ՝ այս լծակները մեզ հնարավորություն կտան կոնստրուկտիվ երկխոսության ճանապարհով գտնել բոլոր հարցերի լուծումները:
ՀՀ տնտեսությանը ոչ մի բան չի սպառնում, ՀՀ տնտեսությանը սպասվում են միլիարդների ներդրումներ: Այո՛, կան գործոններ, որոնք որոշակի նյարդ են առաջացնում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, մասնավորապես՝ երկաթուղու հետ կապված խնդիրը, որովհետև մենք պետք է պատմական շանսն օգտագործենք: Մենք այդ օրակարգից չենք պատրաստվում հրաժարվել, որովհետև մենք մեր սեփական երկաթուղին չենք կարող թողնել, որ մնա մետաղի ջարդոնի կարգավիճակում: Դա տարանցման մեծ պոտենցիալ ունի, և մենք էլի ՌԴ գործընկերների հետ աշխատելու ենք, որպեսզի փոխշահավետ լուծումներ գտնվեն»,- ասաց նա՝ այս համատեքստում հայտարարելով, որ Հայաստանը «լեզվակռվի մեջ չի մտնելու ՌԴ-ի հետ»:
Ինչ վերաբերում է ՌԴ-ից ստացված նամակին, Փաշինյանը նշեց, որ այդպիսի նամակները ՀՀ-ի համար նորություն չեն. «Մենք այդ նամակներից մի անգամ չէ, որ ստացել ենք, մենք այդ նամակներից վերջին 8 տարում մի քանի անգամ ստացել ենք: Ես գոնե 3-4 նման դեպք հիշում եմ»: