1991 թվականից ի վեր Հայաստանի հրետանու առանցքային միջոցը եղել է Դ-30 հրանոթը: Առաջին անգամ ՀՀ-ում գործարանային արտադրության Դ-30 հրանոթ ստացվել է 2023-ին, և դուք այսօր Դ-30 հրանոթները տեսաք Հանրապետության հրապարակով անցնելիս: Այդ մասին զորահանդեսից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, թե իշխող ուժը բանակը քանդում է, բարեփոխումներ չեն արվում:
«Երբ ժամանակին Սերժ Սարգսյանը ասում էր՝ 80-ականների զենք է, գլուխ էր գովում, այդ զենքերն 80-ականների չեն եղել: 2018 թվականի դրությամբ մեր սպառազինության 70 և ավելի տոկոսը եղել է 70-ականների, 60-ականների, 50-ականների»,- ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմության՝ բանակի սպառազինության մասով քննադատություններին, թե, իբրև, ՀՀ-ն անպաշտպան է, բանակ չունի, բանակը քանդվել է, Փաշինյանը հայտարարեց՝ ժառանգություն թողած բանակը եղել է քանդված:
«Որ ասում ենք՝ «կոնսերվայի կոկոշներ», դրանք միայն բառիս բուն իմաստով «կոնսերվայի կոկոշներին» չի վերաբերում: Սպառազինության 70 տոկոսը եղել է մաշվածության վերջին աստիճանի: Իսկ այսօր դուք Հանրապետության հրապարակում չտեսաք թեկուզ մի միջոց, որի առաջին օգտագործողը մենք չենք, և որը արտադրված չէ ՀՀ-ի համար:
Մեկը կարո՞ղ է հաշվել՝ քանի միլիարդի զենք է այսօր անցել Հանրապետության հրապարակով․ իհարկե չեն հաշվի և չեն էլ կարող հաշվել: Սա մեր պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ասում են՝ պետական պարտքը ավելացրել են: Ընդ որում՝ շատ արտադրողներ կան, որոնք նաև վաճառքի պայման են համարում այն, որ իրենց ապրանքային վարկի փաթեթով ձեռք բերվեն այդ ապրանքները, որովհետև դա փաթեթային ծառայություն է»,- ասաց նա: