ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով ժամանել է Ղազախստան: Աստանայի օդանավակայանում նրան դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Պուտինի այցն այդ հանրապետություն համընկնել է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի հետ: Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների միջև ոչ պաշտոնական բանակցությունները տեղի կունենան մայիսի 27-ին: Մայիսի 28-ին կանցկացվեն պաշտոնական միջոցառումներ՝ ռուսական պատվիրակության մասնակցությամբ և պետական այցի համար անհրաժեշտ արարողակարգերով: Օրվա երկրորդ կեսին կկայանա ԵԱՏՄ ֆորումը՝ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ, իսկ մայիսի 29-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:
Հայաստանի թեմային, հավանաբար, մեծ ուշադրություն կդարձվի։ Նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը և կգնահատեն ԵԱՏՄ-ի համար դրանից առաջացող ռիսկերը։