Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցության շրջանակում Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել են Դատական դեպարտամենտի ներկայացուցիչները՝ դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանի գլխավորությաբ։
Կանադացի հյուրերը Հայաստանում են Կանադայի Դաշնային կառավարության Տեխնիկական Աջակցության գործընկերության (TAP) ծրագրի շրջանակում, հայտնում են դատական դեպարտամենտից։
Հանդիպմանն անդրադարձ է եղել անչափահասների արդարադատության և տարաբնույթ քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերին։
Կողմերը քննարկել են անչափահասների արդարադատության ոլորտում նախորդ տարի կանադացի գործընկերների կողմից Հայաստանում իրականացված դիտարկումների արդյունքները՝ շեշտելով հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների, Կանադայում գործնականում կիրառվող նախադատական հաշվետվությունների և համայնքային ներգրավվածության կարևորությունը։
Արուս Հայրապետյանը բարձր է գնահատել նախադատական հաշվետվությունների կիրառման կանադական մոտեցումը՝ կարծիք հայտնելով, որ այն կարող է կիրառելի լինել ոչ միայն թմրամիջոցների ներգրավմամբ անչափահասների գործերի դեպքում, այլև՝ քրեական արդարադատության ավելի լայն շրջանակում՝ վերաճելով դատավորների համար խորհրդատվական բնույթի լրացուցիչ գործիքի։
Նրա խոսքով՝ քրեական գործեր քննող դատավորները դրական են գնահատում նման հաշվետվությունների ներդրման գաղափարը՝ համարելով այն ապացույցների համակցության գնահատմանն աջակցող գործիք։
Հյուրընկալող կողմը տեղեկացրել է, որ Բարձրագույն դատական խորհուրդն առաջիկայում նախատեսում է փորձնական կերպով շրջանառել մշակված փաստաթղթերը քրեական գործեր քննող դատավորների շրջանում՝ առաջարկություններ և դիտարկումներ ստանալու նպատակով։
Արուս Հայրապետյանը հավելել է, որ արձագանքների հիման վրա նախատեսվում է ձևավորել առավել արդյունավետ և կիրառելի գործիքակազմ։
Հիշեցնենք, որ Կանադայի Դաշնային կառավարության Տեխնիկական Աջակցության գործընկերության (TAP) ծրագրի շրջանակում ԲԴԽ-Կանադայի Գերագույն դատարան համագործակցությունը տարիների պատմություն ունի, այն նշանավորվել է փոխայցերով, իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներով, անչափահասների արդարադատության և երեխայի լավագույն շահին առնչվող փորձի փոխանակմամբ։