Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ վարձակալների կողմից պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործումն ու դրա արժեքի բարձրացումը խթանելու նպատակով։
Փոփոխություններով սահմանվում է, որ վարձակալները, ովքեր սեփական միջոցներով իրականացնում են գույքի բարելավմանն ուղղված ներդրումներ, կունենան հնարավորություն վարձակալության պայմանագրերի վերակնքման ժամանակ օգտվել գույքի բարելավման արդյունքում ձևավորված վարձավճարի նկատմամբ որոշակի զեղչից։
Ըստ հիմնավորման՝ նման մոտեցումը միաժամանակ լուծում է երկու կարևոր խնդիր։ Առաջինը՝ բարելավմանն ուղղված ներդրումների խրախուսումը կնպաստի պետական գույքի ֆիզիկական ու ֆունկցիոնալ վիճակի առավել արագ և որակյալ բարելավմանը՝ առանց լրացուցիչ բեռի պետբյուջեի վրա։ Երկրորդ՝ վարձավճարի նկատմամբ զեղչի կիրառումը ստեղծում է կանխատեսելի և փոխշահավետ պայմաններ, որոնց դեպքում վարձակալները չեն խուսափի ներդրումներ կատարելուց, քանի որ դրանց դիմաց կստանան իրավականորեն ամրագրված նյութական խթան։
Փոփոխությունների ընդունումը կբարձրացնի պետական գույքի գրավչությունը տնտեսվարողների համար, կխթանի ներդրումային ակտիվությունը, ինչպես նաև կնպաստի պետական գույքի արդյունավետ կառավարմանը։ Միաժամանակ պետական սեփականություն հանդիսացող գույքն աճուրդային եղանակով վարձակալության տրամադրելու նպատակով համապատասխան մարմիններից հայտեր ստանալու դեպքում գույքի վարձակալության տրամադրման նպատակով ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում հայտարարություն տեղադրելու կարգավորումը հանելու արդյունքում կնվազի լրացուցիչ վարչարարությունը, և կկրճատվի գործընթացի իրականացման ժամկետը, ինչպես նաև կնպաստի ավելի շատ մասնակիցներ ներգրավելուն և մրցունակությունն ապահովելուն։