2021 թվականին Ֆրանսիայի արևմտյան Ռեն քաղաքում սկսվել է ադրբեջանցի բլոգեր և ընդդիմադիր գործիչ Մուհամմադ Միրզալիի դեմ մահափորձի գործով դատավարությունը: Դատարանի առջև է կանգնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամենահայտնի քննադատներից մեկի՝ Միրզալիի վրա հարձակման համար մեղադրվող ինը տղամարդ:
Հարձակման ենթադրյալ կատարողների և նրանց հետ կապված անձանց դատավարությունը սկսվել է մայիսի 26-ին և կշարունակվի մինչև հունիսի 12-ը: «Խոսքը ավտորիտար և ավազակապետական ռեժիմը քննադատելու ազատության մասին է»,- հայտարարել է փաստաբան Անրի Կարպանտիեն:
Քննությունը չի բացահայտել բլոգերի վրա հարձակման պատվիրատուներին: Միրզալիի փաստաբանը համոզված է, որ նրանք պատկանում են «Ադրբեջանի ամենաբարձր շրջանակներին»: Ինքը՝ բլոգերը, մահափորձի համար մեղադրել է Իլհամ Ալիևին և նրա հարազատներին։
32-ամյա Մուհամմադ Միրզալիի վրա հարձակումը տեղի է ունեցել Նանտում՝ 2021 թվականի մարտին: Նա դանակի 15 հարված է ստացել գլխի, պարանոցի և ձեռքերի շրջանում: Այդ ժամանակվանից ի վեր, ըստ AFP-ի, ադրբեջանցի բլոգերն ապրում է ոստիկանության 24-ժամյա պաշտպանության ներքո՝ գաղտնի վայրում։ Ֆրանսիան Միրզալիին քաղաքական ապաստան է տվել 2015 թվականին։
Ըստ ֆրանսիական RFI մեդիաընկերության՝ դատավարությունը տեղի է ունենում Բրետանի խորհրդարանի շենքում՝ անվտանգության աննախադեպ միջոցառումների պայմաններում։ Ի թիվս այլ բաների՝ փողոցները փակվել են, տեղադրված է անօդաչու թռչող սարքերի դեմ համակարգ, իսկ տուժած բլոգերը դատարան է հասնում գաղտնի ճանապարհով։ Ըստ RFI-ի՝ Միրզալին «Ֆրանսիայի ամենապաշտպանված մարդկանցից մեկն է»։
Իր Made in Azerbaijan YouTube ալիքում նա պարբերաբար քննադատում է Ադրբեջանի իշխանություններին և նախագահ Իլհամ Ալիևին։ Ալիքն այժմ ունի ավելի քան 345.000 բաժանորդ։
Միրզալիի վրա հարձակում են գործել միայն իր հրապարակային դիրքորոշման համար, «մասնավորապես՝ որպես անկախ լրագրող աշխատանքի» համար, որը քննադատում էր «բռնապետական կառավարության և ազգային նավթագազային ոլորտի ղեկավարության չարաշահումները»,- դատարանի որոշումը մեջբերում է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը։