ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մեղադրել է պետությունը թալանելու և օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ գործակցելու համար։
«Քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ։ Պատրաստվի՛ր, «Արարատցեմենտը» պետականացնում ենք, և էդ հանցավոր գործարքի համար դու ու խնամիդ պատասխանատվություն եք կրելու՝ Հայաստանի ժողովրդին թալանելու համար։ Եվ պատրաստվիր, որ դղյակդ էլ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թիվը: Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետն արձագանքել է նաև Ծառուկյանի այն հայտարարությանը, թե թող ապացուցեն, որ ինքը լրտես է։ «Օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով ա ինքը Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակ: Ինքը գործակալ է»,- վերահաստատել է Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերված մի շարք խախտումների դեպքի առթիվ:
Դատախազությունը պարզել է, որ թեև մասնավորեցման մրցույթում հաղթել է շվեյցարական ընկերությունը, սակայն Կառավարության 2002 թվականի որոշմամբ բաժնետոմսերը ուղղակի վաճառքով մասնավորեցվել են բելգիական մի կազմակերպության, որի կառավարիչ է նշանակվել Գագիկ Ծառուկյանի խնամու եղբայրը: Դատախազությունը հայտնաբերած խախտումներից հետո «Արարատցեմենտում» ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցով դիմել է Կառավարություն: