Իրանը և Միացյալ Նահանգները փոխադարձ հարվածներ են հասցրել։ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող Լարակ կղզու երկու հրթիռային կայանքի ուղղությամբ։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իրականացրել է «սահմանափակ, բայց ճշգրիտ գործողություններ»՝ Հորմուզի նեղուցում «անմիջական սպառնալիք ներկայացնող ականադիր ուժերի» դեմ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը Լարակ կղզու վրա հարձակումը որակել է որպես երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության համաձայն՝ հուլիսի վերջից ի վեր Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։ ԻՀՊԿ մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ կորպուսի ուժերը Հորմուզի նեղուցի երկնքում խոցել են ամերիկյան MQ-9 Reaper հետախուզական-հարվածային անօդաչու սարք։
Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանը նաև հարվածներ է հասցրել Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Հորդանանի բանակը հայտնել է, որ երկուշաբթի վաղ առավոտյան որսացել է ութ հրթիռ։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը ծանր հարվածներ են հասցնում իրանական Խարգ կղզուն։ «Խարգ կղզին փշուր-փշուր է արվում»,- գրել է Թրամփը Truth Social-ում՝ այլ մանրամասներ չներկայացնելով։ Նա գրառմանը կցել է հարվածները պատկերող՝ արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութ։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: