ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Այդ մասին սոցցանցում հայտնել է վարչապետը:
.jpg)
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման փաստը և կարևորել փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:
.jpg)
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին շեշտել են, որ Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել և պատրաստակամություն հայտնել շարունակելու ջանքերը՝ այն էլ ավելի խորացնելու նպատակով:
Զրուցակիցները քննարկել են տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության ու դեղագործության, կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
.jpg)
Ընդգծվել է, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների հետագա կազմակերպումը կօժանդակի գործընկերության խորացմանն ու համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հնդկաստանի վարչապետին հարմար ժամանակահատվածում Հայաստան այցելելու հրավերը և պատրաստակամություն հայտել նույնպես պատեհ առիթով այցելել Հնդկաստան։
.jpg)
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP նախագծի իրականացման ընթացքին:
Հիշեցնենք՝ երկօրյա աշխատանքային այցով ՀՀ վարչապետը ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն:
Բիշքեկի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Ղրղզստանի Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիյար Ամանգելդիևը:
Հիշեցնենք նաև՝ վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: