Աֆղանստանն ԱՄՆ-ին առաջարկում է հասանելիություն իր հանքային ռեսուրսներին՝ փորձելով վերացնել պատժամիջոցները և ապասառեցնել ակտիվները, հաղորդում է Financial Times (FT)-ը՝ հղում անելով Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքիին։
Պատասխանելով Վաշինգտոնի հետ հարաբերությունների մասին հարցին՝ Մութթաքին նշել է, որ Աֆղանստանը «անկասկած» ողջունում է ամերիկյան ներդրումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը և առևտուրը, հաղորդում է թերթը։ «Աֆղանստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները չպետք է գնահատվեն վերջին 20 տարվա պատերազմի պրիզմայով, այլ պետք է հիմնված լինեն ապագա համագործակցության վրա»,- նշել է արտաքին գործերի նախարարը։
Նա հավելել է, որ «երկրի տնտեսական քաղաքականությունը բաց է»։ Երկրաբանական հետազոտությունները, ըստ FT-ի, ցույց են տալիս, որ Աֆղանստանն ունի օգտակար հանածոներ, որոնք գնահատվում են գրեթե 1 տրիլիոն դոլար: Դրանց թվում են պղնձի, երկաթի հանքաքարի, նիոբիումի, կոբալտի, ոսկու և լիթիումի խոշոր հանքավայրերը։