Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին ընդառաջ՝ կայացել է Ղրղզստանի և Չինաստանի նախագահներ Սադիր Ժապարովի և Սի Ծինփինի հանդիպումը: Ժապարովը նշել է, որ երկրների միջև համագործակցությունը թևակոխել է իր զարգացման նոր «ոսկե շրջանը»: Սի Ծինփինն էլ ընդգծել է, որ Բիշքեկի ու Պեկինի փոխգործակցությունը ծանրակշիռ ներդրում է կատարում ամբողջ տարածաշրջանի խաղաղության և կայունության ապահովման գործում:
Կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնումը անվտանգության, առևտրի, ներդրումների, էներգետիկայի, արդյունաբերության, օգտակար հանածոների արդյունահանման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Հատուկ շեշտադրում է կատարվել «Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան» երկաթուղու կառուցման ընթացքի և «Բեդել» անցակետի հետագա զարգացման վրա:
Բանակցություններից հետո պետությունների ղեկավարները ստորագրել են հավերժ բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը, ինչպես նաև նոր դարաշրջանում համապարփակ ռազմավարական գործընկերության բարձրորակ զարգացման մասին համատեղ հռչակագիրը։ Ստորագրվել է ընդհանուր առմամբ 32 երկկողմ փաստաթուղթ։
ԱՄՆ-Ն ԵՎ ԻՐԱՆԸ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ
Իրանը և Միացյալ Նահանգները փոխադարձ հարվածներ են հասցրել։ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող Լարակ կղզու երկու հրթիռային կայանքի ուղղությամբ։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իրականացրել է «սահմանափակ, բայց ճշգրիտ գործողություններ»՝ Հորմուզի նեղուցում «անմիջական սպառնալիք ներկայացնող ականներ տեղադրող ուժերի» դեմ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը Լարակ կղզու վրա հարձակումը որակել է որպես երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության համաձայն՝ հուլիսի վերջից ի վեր Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել են։ ԻՀՊԿ մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ կորպուսի ուժերը Հորմուզի նեղուցի երկնքում խոցել են ամերիկյան MQ-9 Reaper հետախուզական-հարվածային անօդաչու սարք։
Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանը նաև հարվածներ է հասցրել Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Հորդանանի բանակը հայտնել է, որ երկուշաբթի վաղ առավոտյան որսացել է ութ հրթիռ։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը ծանր հարվածներ են հասցնում իրանական Խարգ կղզուն։ «Խարգ կղզին փշուր-փշուր է արվում»,- գրել է Թրամփը Truth Social-ում՝ այլ մանրամասներ չներկայացնելով։ Նա գրառմանը կցել է հարվածները պատկերող՝ արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութ։
Իրանից հերքել են Խարգ կղզու վրա ամերիկյան հարձակումների մասին տեղեկությունը: Կղզում իրավիճակը հանգիստ է, նավթի հետ կապված գործողությունները չեն դադարել, հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Համիդ Բովարդն՝ արձագանքելով ԱՄՆ նախագահի հայտարարությանը: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Nournews-ի հրապարակումը։ «Թրամփի թվիթները ծիծաղելի են, և Խարգում իրավիճակը հանգիստ է և համապատասխան», - ասել է նա։
Իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր երկիրը նախկինի պես հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական լուծմանը: «Իրանը հավատարիմ է համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին, բայց, ցավոք, ամերիկյան կողմը չի կատարել իր պարտավորությունները։ Այնուամենայնիվ, մենք նախկինի պես ձգտում ենք իրականացնել համաձայնության ու փոխըմբռնման ուղին և համոզված ենք, որ պատերազմի շարունակությունը չի բխում ոչ մեր, ոչ տարածաշրջանի, ոչ ամբողջ մարդկության շահերից»,- ասել է Իսլամական Հանրապետության նախագահը։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ում կան ուժեր, որոնք ձգտում են Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունների հետագա սրացմանը՝ դրանից օգուտ քաղելով։ Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը վստահ է, որ անհրաժեշտ է շարժվել խաղաղ ճանապարհով՝ ամրապնդելով կայունությունն ու անվտանգությունը Մերձավոր Արևելքում։
ՌԴ-Ն ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ
Ռուսական բանակը գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինայի Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերին։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը գիշերվա ընթացքում արձակել է ավիացիոն կառավարվող մեկ հրթիռ և 121 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ խոցվել է անօդաչուներից 96-ը, իսկ հրթիռը չի հասել թիրախին։
Զապորոժիեում ռուսական անօդաչուն հարվածել է բազմաբնակարան շենքի։ Մարզային իշխանությունների փոխանցմամբ՝ երկու մարդ է վիրավորվել, նրանցից մեկը՝ դեռահաս։ Մարզի բնակավայրերից մեկում հարվածի է ենթարկվել նաև հրշեջ-փրկարարական ստորաբաժանումը։ Վնասվել են շենքն ու մեքենաները, սակայն փրկարարների շրջանում տուժածներ չկան։
Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադի շրջանում վնասվել է ձեռնարկություն։ Մեկ մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Միաժամանակ, Ռուսաստանում շարունակվում են նախօրեին Բելգորոդի ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակման հետևանքների վերացման աշխատանքները։ Բելգորոդի հիվանդանոցում երկուշաբթի առավոտյան մահացել է հարձակման հետևանքով վիրավորված տղամարդը։ Այդ մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
Նախօրեին նա հայտնել էր երկու զոհի մասին։ Շուվաևի խոսքով՝ նրանք զոհվել էին «առևտրային օբյեկտներից մեկի» տարածքում։ «Ozon» առցանց խանութը հայտնել էր, որ հարձակումից հետո Բելգորոդում հրդեհ է բռնկվել ընկերության օբյեկտում։ Հարվածի տակ են հայտնվել տեսակավորման կենտրոնն ու առաքման հանգույցը։
ՆԵՊԱԼՈՒՄ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է
Նեպալում փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները՝ հիդրոէներգետիկ օբյեկտների թունելներից հնարավոր ողջ մնացած աշխատակիցներին դուրս բերելու համար։ Անհետ կորած է համարվում ՀԷԿ-երի 933 աշխատակից, հաղորդում է Reuters-ը։
Տրիշուլի գետի ավազանում սելավի և հզոր ջրհեղեղի հետևանքով վնասվել կամ ավերվել է առնվազն 14 ՀԷԿ։ Փրկարարները հորատումներ են իրականացնում և օդ են մղում՝ հնարավոր ողջ մնացածներին աջակցելու համար։ Թունելների մուտքերը ծածկված են բեկորներով ու քարերով, իսկ հեղեղները վնասել են մուտքի հատվածները։
Նեպալի հյուսիսում ջրհեղեղների և սելավների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 1000-ին, ավելի քան 10 հազար մարդ փրկվել է։ Ընդհանուր առմամբ անհետ կորած է համարվում շուրջ 4 հազար 200 մարդ, այդ թվում՝ 592 օտարերկրացի։
Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան