Այս պահին տեղի է ունենում ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում: Եթե ՀԷՑ-ի շուկայական արժեքը կլինի, այսպես ասած, հասանելի պետական բյուջեի համար, մենք դա լիարժեք, ամբողջությամբ կպետականացնենք, կազգայնացնենք և կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ միջազգային գործընկերներին, հատկապես էներգետիկ ոլորտի թոփ ընկերություններին իրազեկել են իրավիճակի մասին:
«Հիմա նաև որոշ կարծիքներ են հնչում, բայց շատ նախնական, որովհետև կարող է պարզվել, որ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակն այնքան վատ է, և շուկայական արժեքը շատ ցածր է, կարելի է ուղղակի Կառավարության որոշմամբ ինչ-որ գումար հատկացնել և դա դարձնել... Մեծ հաշվով շտապելու բան չունենք: ՀԷՑ-ն այս պահին առնվազն դե ֆակտո պատկանում է ՀՀ-ին»,- ասաց Փաշինյանը:
Այս համատեքստում Փաշինյանը նաև հիշեցրեց, որ էականորեն բարձրացել է ընկերության արդյունավետությունն ու թափանցիկությունը:
«ՀԷՑ-ը՝ որպես գործընկեր, բացվել է Հայաստանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ընկերությունների առաջ, որովհետև նախկինում ՀԷՑ-ի մրցույթներին մասնակցում էին (չեմ ասի` 100 տոկոսով), նախկին կառավարիչների հետ կապված ընկերություններ, և դա, ըստ էության, կոռուպցիոն և փողերի լվացման համակարգ էր, որը մեր կողմից բացահայտվել է, այդ թվում՝ հարուցված քրեական գործեր կան»,- ասաց նա: