Ադրբեջանը CNN հեռուստաալիքի դեմ հայց է ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան՝ մեղադրելով երկրի դեմ անհիմն և սադրիչ պնդումներ պարունակող հոդվածի հրապարակման համար:
CNN-ը հունիսի 5-ին նյութ էր հրապարակել,որի համաձայն՝ Ադրբեջանի տարածքն օգտագործվել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական և հետախուզական գործողությունների համար: Մասնավորապես, նշված էր Ադրբեջանի հարավում ենթադրաբար գործող իսրայելական հատուկ նշանակության ուժերի, հետախուզական գործողությունների անցկացման և դրոնների օգտագործման, ինչպես նաև Իսրայելի կողմից գաղտնալսող սարքերի և հետախուզական այլ սարքավորումների տեղակայման մասին:
Հունիսի 6-ին, հունիսի 23-ին և հուլիսի 2-ին ադրբեջանական կողմը պաշտոնական նամակներ է ուղարկել հեռուստաալիքին՝ պահանջելով հերքել նյութում տեղ գտած պնդումները և կատարել համապատասխան խմբագրումներ: Նշվում է, որ Ադրբեջանի պահանջը բավարարելու համար գործնական միջոցներ չեն ձեռնարկվել: Դատական հայցադիմումը պաշտոնապես ներկայացվել է օգոստոսի 17-ին։