Ադրբեջանը ունի ավելցուկ, Հայաստանը ունի ավելցուկ, դա նշանակում է, որ մեր տարածաշրջանում շատ մեծ պոտենցիալ կա միջազգային շուկաներին հասանելիություն ստանալու: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի՝ էներգետիկ համակարգերի միանալու մասին:
«Հայաստանի և Ադրբեջանի շահագրգռությունը ինչո՞ւմ կարող է լինել. որ մենք Ադրբեջանի ցանցերը օգտագործենք, արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենանք, Ադրբեջանն էլ շահագրգռված է նույն տրամաբանությամբ, իրենք շահագրգռված են նաև Նախիջևանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու: Տեսեք՝ մեր էներգետիկ համակարգը միացած է Վրաստանին և Իրանին, և կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի Թուրքիային և Ադրբեջանին: Դա մեր հնարավորություններն է մեծացնելու արտահանման, և տարածաշրջանի հնարավորություններն է մեծացնելու, որպեսզի մենք միասնական արտահանում իրականացնենք դեպի շուկաներ դրա անհրաժեշտության դեպքում, բայց կարող է նաև դրա անհրաժեշտությունը չլինել: Եթե ցանցը միացվում է, ուրիշ բան եկեք չպատկերացնենք: Առնվազն տրանզիտի համար ՀՀ-ն եկամուտներ է ստանալու: Բնականաբար, այդտեղ մենք շահագրգռված ենք, որպեսզի ՀՀ պետական և ոչ միայն պետական եկամուտները ավելանան: Էլ չեմ ասում, որ ԹՐԻՓՓ-ի շրջանակներում նաև էներգետիկ նախագծեր են ենթադրվում: Այստեղ որևէ սպառնալիք չի կարող առաջանալ ՀՀ-ի համար, ընդհակառակը՝ նոր հնարավորություններ և եկամուտներ:
Եթե մենք չենք ուզում Ադրբեջանի ցանցերից օգտվել արտահանման համար, ուրեմն առնվազն իրենց մեր տարածքով էլեկտրաէներգիա արտահանելու կամ ներմուծելու համար տրանզիտային վճարներով ինչպես ԹՐԻՓՓ-ի շրջանակում նախատեսված է, մենք եկամուտներ կստանանք»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետն ավելացրեց, որ անվտանգության երաշխավորության մասին մեր պատկերացումները մենք պետք է թարմացնենք: «Այն պատկերացումները, որոնցով մեզանում հիմնականում առաջնորդվում են, այդ պատկերացումները իրենց անարդյունավետությունը ցույց են տվել 2022, 2021, 2020, 2023 թվականներին: Անվտանգության երաշխիքը հենց այդ թվում փոխկապվածությունն է: Երբ Հայաստանից դեպի միջազգային շուկաներ ապրանքներ հոսեն, և այդ ապրանքների հոսքը տեսակարար կշիռ ձեռք բերի, դա ամենամեծ երաշխիքն է անվտանգության, որովհետև այդ թվում խոշոր տերությունները և խոշոր շուկաները լրացուցիչ շահագրգռվածություն կցուցաբերեն, որ այդ հաղորդակցության ուղիները անվտանգ, կայուն, հանդարտ պայմաններում գործեն: Դրանից ավելի մեծ անվտանգություն չի կարող լինել. դա ամենահուսալի անվտանգության երաշխիքն է»,- ասաց վարչապետը: