Կառավարության ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց, Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար հնարավոր բացումն ո՞ւմ է վերաբերելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ խոսքը հայի ու թուրքի մասին չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա ՀՀ քաղաքացի, որ հայ չէ, և կա նաև Թուրքիայի քաղաքացի, որ թուրք չէ:
Փաշինյանը մանրամասնեց. «Օրինակ՝ Իսպանիայի, Վրաստանի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի քաղաքացիները կարող են անցնել [սահմանը], իսկ ՀՀ քաղաքացիները՝ առայժմ ոչ, բացի այն դեպքերից, երբ ունեն դիվանագիտական անձնագիր»:
Հիշեցնենք, որ Հայաստանը և Թուրքիան քննարկում են երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու հարցը: