Ես ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականի ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունից հետո տեղի է ունեցել համապետական 3 ընտրություն և 0 հետընտրական պրոցես։ Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ վերաբերում է ընդդիմության ասելիքին, ընդդիմությունն ինքը պետք է մտածի իր ասելիքի մասին։ Իշխանությունը, Կառավարությունը, կառավարող մեծամասնությունը իր ռազմավարությունը դեռևս 2024 թվականին հրապարակել է՝ ի դեմս «Իրական Հայաստանի» գաղափարախոսության։
Երբ 2024 թվականի ապրիլին ԱԺ ամբիոնից խոսել եմ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության մասին, ես համարել եմ ՔՊ-ի համար դա զրոյական կետ։ Այդ զրոյական կետից մենք երկու տարվա ընթացքում կառուցել ենք վստահություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում «Իրական Հայաստանի» գաղափարախոսության և խաղաղության օրակարգի նկատմամբ, և մեծ ուրախությամբ եմ արձանագրում, որ մենք շատ ենք խոսել դրա մասին, որ մեր ժողովուրդը շատ քաղաքականացված է։ Մենք տեսնում ենք, որ այս շրջանում մարդիկ ապրում են իրենց գործերով, իրենց առօրյա հոգսերով։ Սա լեգիտիմության ամենամեծ ցուցիչն է։
Այսինքն՝ կա բացարձակ վստահություն ընտրությունների արդյունքների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իրեն հարց չի տալիս, թե արդյոք իր ընտրած մա՞րդն է այս շենքում աշխատում, թե՞ իր ընտրած մարդը այս շենքում չի աշխատում։ Այդպիսի հարց ՀՀ-ում չկա և 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո չի եղել և չի լինելու։
Սա չի նշանակում, թե Հայաստանի բոլոր պրոբլեմները լուծված են, կամ լինելու է մի կետ, որ բոլոր պրոբլեմները լուծված են լինելու»,- նշեց Փաշինյանը։