Կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և ՀՀ Կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը։
Որոշման նպատակն է կարգավորել օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաների որդեգրման դեպքում ՀՀ կառավարության կողմից նախնական համաձայնություն տրամադրելու համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու հետ կապված իրավահարաբերությունները։
Կարգավորումները մշակվել են այն տրամաբանությամբ, որ երաշխավորվի վերոգրյալ գործընթացի շրջանակներում այն նույն չափանիշների կիրառումը, որոնք տարածվում են ներպետական որդեգրման և «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակներում իրականացվող օտարերկրյա որդեգրումների ընթացքում՝ միաժամանակ հաշվի առնելով այս գործընթացի առանձնահատկությունները, մասնավորապես՝ այն հանգամանքը, որ երեխան գտնվում է ՀՀ տարածքից դուրս, և որ օտարերկրյա պետությունն իր ներպետական օրենսդրությանը համահունչ նախնական եզրակացության է հանգել որդեգրման նպատակահարմարության և իրավաչափության առթիվ։
Այսպես, սահմանվել է, որ մինչև օտարերկրյա պետությունում որդեգրման գործընթացի ավարտը համապատասխան պետության իրավասու մարմինը կամ որդեգրել ցանկացող անձը պետք է ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնի որդեգրել ցանկացող անձի և որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ մի շարք տեղեկություններ ու փաստաթղթեր։
Մասնավորապես, որոշմամբ պարտադիր ներկայացման ենթակա՝ որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ տվյալներում ներառվել են այն բոլոր տեղեկությունները, որոնք պետք է ներկայացվեն ՀՀ-ում մշտապես բնակվող երեխային որդեգրել ցանկացող անձանց կողմից՝ ապահովելու համար գործընթացների միասնական տրամաբանությունը, քանի որ տվյալ դեպքում ևս ՀՀ իրավասու մարմինները պետք է ստուգեն որդեգրել ցանկացող անձի տվյալները և համոզվեն, որ վերջինս բավարարում է որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նախապայմաններին։
Արդյունքում՝ կապահովվի ՀՀ տարածքից դուրս բնակվող և ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման գործի պատշաճ ուսումնասիրությունը ՀՀ իրավասու մարմինների կողմից և դրանց հիման վրա Կառավարության նախնական համաձայնության տրամադրումը կամ դրա մերժումը, ինչն իր հերթին կերաշխավորի, որ ՀՀ տարածքից դուրս ՀՀ քաղաքացի երեխաների որդեգրման գործընթացում լիարժեք կերպով հաշվի առնվեն երեխաների լավագույն շահերը։