Հայաստանի Հանրապետությունը 2026 թվականին հյուրընկալելու է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Ներկայումս ակտիվ ընթացքի մեջ են կազմակերպչական աշխատանքները։ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Կառավարությանը ներկայացրեց որոշման նախագիծ՝ ի հավելումն ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի 981-Ն որոշման, որով միջոցներ են հատկացվել միջոցառման կազմակերպման համար։
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագծին:
«Քանի որ կազմակերպչական ծախսերը նախապես մանրամասն նկարագրել և հաշվարկել հնարավոր չէ, ուստի համաժողովի կազմակերպիչների հետ կնքվել են շրջանակային պայմանագրեր։ Կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են ՀՀ-ի և ՄԱԿ-ի միջև կնքված հյուրընկալող երկրի համաձայնագրի համաձայն։
Նախագծով ներկայացված համաձայնագրի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2 մլրդ 640 մլն դրամ, որի շրջանակներում կազմակերպիչն ապահովելու է համաժողովի անցկացման համար միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ընդհանուր 5400 քմ տարածքով 4 վրանների վարձակալությունը, ինչպես նաև ձեռք են բերվելու կահույք, սարքավորումներ և տրանսպորտի ծառայություններ»,- ասաց նախարարը։
«Եթե ճիշտ եմ հասկանում, այդ մասշտաբի միջոցառում մեր երկրում նախկինում երբեք տեղի չի ունեցել։ Մենք պատրա՞ստ ենք կամ հոկտեմբերի 1-ին պատրաստ կլինե՞նք ամբողջ ծավալով»,- հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Համբարձում Մաթևոսյանը, անդրադառնալով հարցին, ասաց.
«Պարոն վարչապետ, ճիշտ եք հիշում։ Ոչ, ծավալներով, այսինքն՝ մասնակցության թվով, մենք նման մասշտաբի միջոցառում Հայաստանում չենք անցկացրել, նաև գլոբալ հարթակի նախագահության նման կարգավիճակ չենք ունեցել, որովհետև կա թյուրըմբռնում, որ մենք ուղղակի հյուրընկալում ենք COP-ը, այնինչ՝ մենք հյուրընկալում ենք COP-ը և ևս 2 տարի ժամկետով՝ մինչև 2028 թվականի հոկտեմբերը, նախագահելու ենք։ Հայաստանը արդեն իսկ համարվում է ամենակենսաբազմազան երկրներից մեկը աշխարհում և կենսաբազմազանության օջախներից մեկն է առհասարակ։ Բայց COP-ը հյուրընկալելով և նախագահելով՝ մենք կդառնանք գլոբալ որոշումների կայացման կենտրոններից մեկը։
Միջոցառման համար նախատեսված աշխատանքները դեռ շարունակվում են։ Շատ աշխատանք կա անելու, բայց վստահ եմ՝ մենք ժամանակին շենքը կավարտենք, կհանձնենք, և այլ կազմակերպչական հարցերը, քանի որ միայն շինարարությունը չէ»,- ասաց Համբարձում Մաթևոսյանը։
Վարչապետը նշեց, որ սա տուրիզմի ոլորտում մեր վերընթաց զարգացման այս իրավիճակում լավ հնարավորություն է Հայաստանի տուրիզմի և մասնավոր ընկերությունների համար, այդ թվում իրենց ծառայությունները գովազդել և նոր գործընկերություններ ձեռք բերել։
«Մենք կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորել ենք պետական բյուջեից, բայց ներդրումների հիմնական ուղղությունը եղել է մասնավոր հատվածում։
Մասնավորապես՝ մենք մեծ ներդրում ենք արել «Մերիդիան» կենտրոնում, բայց նաև ներդրումների դիմաց մենք ձեռքբերում ենք ունեցել։ Մասնավորապես, այս որոշումների արդյունքում առաջիկա ութ տարին այդ ձևավորված ենթակառուցվածքը Կառավարությունն իր հայեցողությամբ կարող է օգտագործել։ Սա կարևոր նախագիծ է, որովհետև մենք երբեմն դժվարություններ ենք ունենում միջոցառումներ կազմակերպելիս և հյուրընկալելիս, և այս ներդրմամբ մենք ֆունդամենտալ ձևով լուծում ենք այդ հարցը, որ ցանկացած մասշտաբի միջոցառում ՀՀ-ն կարող է հյուրընկալել:
Սա շատ կարևոր է, որ ունենանք պատշաճ, ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող ֆիզիկական ենթակառուցվածք, իսկ այս դեպքում վստահ ենք, որ միջազգային ստանդարտներին համապատասխանող ենթակառուցվածք ենք ունենալու, որովհետև բոլոր աշխատանքներն իրականացվում են ՄԱԿ-ի համապատասխան գործակալության ներքո, և նրանք են տեխնիկական առաջադրանքները տալիս։
COP17-ը պատշաճ մակարդակով անցկացնելը շատ կարևոր է մեզ համար և լավ հնարավորություն է, որ մենք կարողանանք Հայաստանի միջազգային տեսանելիությունը և ճանաչելիությունը ավելի բարձրացնել։ Եվ, իհարկե, մենք ունենք նաև մեդիառազմավարություն, տեղեկատվական արշավներ։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում շատ տեղերում արդեն տեսանելի են COP17-ի վահանակները, և, ըստ էության, մենք արդեն մտնում ենք միջոցառման եզրափակիչ փուլ։
Բոլոր գործընկերներին խնդրում եմ կազմակերպչական աջակցություն ցուցաբերել։ Նաև որոշակի հանրային նախաձեռնություններ կան՝ տարբեր միջոցառումներ կազմակերպելու, որոնք կմտնեն այդ տրամաբանության մեջ, և, իհարկե, շատ լավ առիթ է, որպեսզի մենք ևս մեկ անգամ անդրադարձ կատարենք բնապահպանական մեր օրակարգերին։ Մեր նախագահության շրջանը պետք է օգտագործենք, որպեսզի հաղորդակից լինենք շրջակա միջավայրի և բնապահպանական այն օրակարգերին և հնարավորություններին ու նոր ձեռքբերումներին, իրավիճակի կառավարման այն գործիքներին, որոնք ժամանակակից աշխարհում գոյություն ունեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։