Մենք կապիտալ ներդրումների ծավալով գտնվում ենք ԽՍՀՄ ժամանակների, Խորհրդային Հայաստանի ժամանակների հետ համեմատելի վիճակում։ Այդ մասին Կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջերս մենք փորձեցինք փաստահեն համեմատել, թե այսօրվա մեր կապիտալ ներդրումների ծավալները ինչպիսին են ԽՍՀՄ ժամանակների համեմատ։ Եթե ճիշտ եմ հիշում, բնակարանաշինության ոլորտում մենք նույնիսկ ավելի բարձր ցուցանիշներ ունենք, քան Խորհրդային Միության վերջին տասնամյակում»,- նշեց վարչապետը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն արձագանքեց՝ նշելով.
«Այո, ճիշտ եք հիշում, պարոն վարչապետ։ Հայաստանի Հանրապետությունում բնակարանաշինության ամենամեծ ծավալներն իրականացվել են 1985-1986 թվականներին։ Իսկ 2025 թվականին մենք գրեթե 80 տոկոսով գերազանցել ենք ՀՀ-ում բնակարանաշինության ծավալները համեմատած այդ ժամանակաշրջանի հետ։ Եթե 1,2-1,3 մլն քմ է իրականացվել այն ժամանակ շինարարությունը, ապա 2025 թվականին ավելի մեծ ծավալով է իրականացվել։ Եվ ոչ միայն բնակարանաշինության մասով. արդեն առաջին կիսամյակի տվյալները կան, և Վիճակագրական կոմիտեի մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում ակնկալում ենք, որ այս տարվա ավարտին մենք կգերազանցենք կապիտալ շինարարական ծրագրերի ծավալը՝ 900 մլրդ դրամ և ավելի»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում բնակարանաշինության տեմպերը սկսել են աճել 2020 թվականին, երբ որոշեցին եկամտային հարկի վերադարձի համակարգում որոշակի փոփոխություններ անել:
«Այստեղ համեմատության մեջ կարող է լինել տեսակետ, թե այն ժամանակ Կառավարությունն էր կառուցում, հիմա Կառավարությունը չի կառուցում, բայց ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում բնակարանաշինության տեմպերը սկսել են աճել 2020 թվականին մեր կայացրած մի որոշմամբ, երբ մենք որոշեցինք եկամտային հարկի վերադարձի համակարգում որոշակի փոփոխություններ անել, այդ թվում՝ կազմակերպչական, և, ըստ էության, այդ շինարարության մի զգալի հատվածը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։ Սա սխեմա է, որ աշխատում է, և մենք առաջիկայում նաև կխթանենք։ Բացի դրանից՝ իհարկե, ուղիղ հենց Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը՝ դպրոցաշինություն, մանկապարտեզաշինություն, ճանապարհաշինություն, առողջապահական հիմնարկներ և այլն, և այդպես շարունակ։
Շինարարությունը հիմա մեր տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկն է, բայց այդտեղ էլ մեր պրոբլեմներով էլի ես հիշում եմ, որ այս դահլիճում հայտնվելու առաջին օրերից ձեզ այդ թեմայի մասին խոսել եմ։ Պետք է արձանագրել, որ երկրում հայտնվել են բավականին բարձրորակ շինարարական կազմակերպություններ, բայց նաև կան շինարարական նախագծեր և շինհրապարակներ, որ գնում, մտնում ես, ասում ես՝ ոնց է սա հնարավոր 21-րդ դարում, ոնց կարելի է սենց աշխատել, ոնց կարելի է սենց մոտենալ հարցին։ Մենք բոլոր շանսերը տվել ենք, պետք է այնպես անենք՝ այդպես գործող ընկերությունները փակվեն և դաշտից դուրս գան։ Էլ կոմպրոմիսների տեղ մենք չունենք։
Պետք է նաև արձանագրել հետևյալը. որ մենք ունենք բոլոր տվյալները՝ հավակնություն ունենալու, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք էականորեն ավելին կարող ենք անել, քան արել ենք նախորդ 8 տարվա ընթացքում։ Սկսած սուբվենցիոն ծրագրերի ծավալներից։ Այսօր մեր համայնքները, մեկ համայնքը, կարող է սուբվենցիոն այնպիսի ծրագրերի ծավալ ներկայացնել, ինչպես 2019 թվականին 2 մարզ իրար հետ ներկայացրել են։ Մենք որակի վրա ավելի մեծ շեշտ պետք է դնենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։