Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարում է, որ կտրականապես անընդունելի է համարում Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց առաջիկա ժողովը Մայր Աթոռից և Հայաստանից դուրս՝ Ավստրիայում գումարելու որոշումը՝ այն որակելով արտառոց և անհիմն պատճառաբանություններով արդարացվող քայլ։ Կուսակցությունը միաժամանակ հորդորում է առաջնորդվել միայն իր պաշտոնական հարթակներում և էլեկտրոնային հասցեով տարածվող հավաստի հայտարարություններով։
«Ռամկավար Ազատական կուսակցութիւնը, այսու, պաշտօնապէս կը յայտարարէ, թէ կտրականապէս մերժելի կը համարէ Հայց. Առաքելական եկեղեցւոյ Եպիսկոպոսաց յառաջիկայ ժողովը Մայր Աթոռէն և հայրենիքէն հեռու՝ Աւստրիոյ մէջ գումարելու արտառոց որոշումը։
Նոյնքան անհանդուրժելի են անհեթեթ այդ որոշումը չքմեղելու համար տրուող անհիմն, յերիւրածոյ և ողորմելի պատճառաբանութիւնները։
Այս առիթով, մէկ անգամ ընդմիշտ կը յայտնենք նաև թէ Ռամկավար Ազատական կուսակցութեան վաւերական յայտարարութիւնները բացարձակաբար կ'ըլլան ՌԱԿ-ի պաշտօնաթուղթի վրայ և կ'առաքուին միայն [email protected] հասցէէն։ Կարելի է ստոյգ տեղեկութիւններ ստանալ նաև հետևեալ առցանց հասցէներէն www.ramgavar.am և www.facebook.com/ramgavar»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ Գարեգին Բ-ի հրավերով։