Շատ ցավոտ հարց եք բարձրացնում: Գործնականում մի քանի օր առաջ փոխվարչապետ Խաչատրյանին և ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանին կոնկրետ հանձնարարական եմ տվել: Լավ լուրն այն է, որ աշխարհում կան տեխնոլոգիաներ, և դրանք զարգանում են, որոնք կարող են ավելի արդյունավետ և մատչելի լինել: Եվ ես խնդիր եմ դրել, որ մենք պետք է շատ կոնկրետ և լուրջ զբաղվենք այդ հարցով, որովհետև չենք կարող այլևս այդ հարցը շրջանցել: Կարծում եմ՝ առաջիկա տարիներին կոնկրետ զարգացումներ կունենանք: Այս մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սևանա լիճ են թափվում թափոններ, կեղտաջրեր, և չնայած կան մաքրման կայաններ, բայց դրանք հիմնականում տեխնիկական մաքրում են իրականացնում, ոչ թե կենսաբանական: Ի՞նչ նոր ծրագիր կա այս ուղղությամբ:
«Մենք նաև որոշակի հետաքրքիր առաջարկներ ենք ստացել: Առաջարկների նախնական դիտարկումը ցույց տվեց, որ դրանք ունեն հիմք, որոշակի հիմնավորվածություն, ուղղակի տեխնիկատնտեսական և իրագործելիության հաշվարկներ պիտի արվեն: Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին մենք կգանք կոնկրետ եզրակացության, և առաջիկա տարիներին կիրականացնենք ծրագիրը:
Մեր ռազմավարական հարցերից մեկն է, որտեղ, այո՛, մենք ունենք խնդիրներ, սահմանափակումներ: Լուծումներն ուշանում են, և մենք պետք է ընդհուպ ձեռնամուխ լինենք կոնկրետ գործողությունների իրականացման»,- ասաց նա: