Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել են ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի հաստատությունների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, ինչպես նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և խնամատարության բարեփոխման գործընթացում ընդգրկված ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններին՝ նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ խնամատարության ինստիտուտի զարգացումը ոլորտային առաջնահերթություններից է, և պետությունը շարունակում է իրականացնել հետևողական ու համակարգված քայլեր՝ ուղղված գործող մեխանիզմների կատարելագործմանը և երեխաների լավագույն շահերի ապահովմանը։
ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և UNICEF-ի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը ներկայացրել են խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված աշխատանքները, արձանագրված առաջընթացն ու առկա մարտահրավերները։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։