Պատերազմական վերջին դեպքերից հետո «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» Պաշտպանության նախարարությունից դեռևս ստացել է 14 շահառուի գործ, հայտարարել է Հիմնադրամի տնօրենը և ներկայացրել գործընթացը:
Կարինե Սարգսյան (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն) - Շահառուները դեպքից հետո դիմում են ծառայություն, դիմումները ուղարկում են ՊՆ, մենք ստանում ենք տվյալները, երկու օրվա ընթացքում ստանում ենք դիմումները և վճարման ենք պատրաստում:
Անդրադառնալով պատերազմի ընթացքում վիրավորում ստացածների խնդրին՝ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը նշում է` զինհաշմանդամների կյանքի որակը բարելավելու կամ վիրավոր զինվորների կարգավիճակի տրամադրման հարցում եղան դրվագային լուծումներ, սակայն համակարգային բաց կա դեռ:
Հայկուհի Մինասյան («Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն) - Զինհաշմանդամների խնդիրները իրենց գումար տալով լուծել հնարավոր չէ, և երկու տարին ամփոփելով՝ կարող ենք ասել, որ այն բացերը, որոնք կային մեր հանրապետությունում օրենսդրական տեսանկյունից, առայսօր էլ բաց են: Այսօր ունենք խնդիր, որ պետությունը ահռելի գումարներ է, իսկապես, տարբեր ծրագրերի միջոցով ծախսում զինհաշմանդամների խնդիրների լուծման կապակցությամբ, սակայն քանի որ այն չի արվում միասնական հարթակի շրջանակներում, էսպես օգնությունները ցրվում են:
Միասնական հարթակի ստեղծման գործընթաց է նախաձեռնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը»՝ գործակցելով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված բազմաթիվ հիմնադրամների, կազմակերպությունների հետ։ Գործընթացում ներգրավված է նաև «Զինվոր տուն» վերականգնողական կենտրոնը:
Կարինե Սարգսյան - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մենք պլանավորում ենք մի էլեկտրոնային հարթակ ստեղծել, որտեղ բոլոր հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև գերատեսչությունները կմուտքագրեն իրենց տվյալները, արած աշխատանքները և կկոորդինացվեն մի հարթակի վրա, ինչպես նաև մեր շահառուները ի վիճակի կլինեն տեղյակ լինելու այն բոլոր ծրագրերից, որոնք կատարվում են Հայաստանում:
Առողջապահական խնդիրներից բացի, Հայկուհի Մինասյանն անդրադառնում է նաև սոցիալական հարցերին՝ շեշտելով աշխատանքի տեղավորումը:
Հայկուհի Մինասյան - Այսօր մեր հասարակությունները, մեր դաշտն էլ, մեր գործատուներն էլ, բիզնեսներն էլ բաց են աջակցելու համար զինհաշմանդամներին: Եթե դու ունենաս կոմպետենտ զինհաշմանդամ, որը տիրապետում է իր գործին, կընդունեն, իսկ եթե ոչ, նա ոչինչ չգիտի, միայն նրա համար, որ նա զինհաշմանդամ է, աշխատանքի ընդունելը խնդրի լուծում չէ:
Այս հարցում պետությունը եւս քայլեր է ձեռնարկում: Գործում է պետական աջակցությամբ պատերազմի մասնակիցներին աշխատանքի տեղավորելու ծրագիրը, որը իրականացվում է 3 ուղղությամբ: Եթե դիմողը վերապատրաստման կարիք ունի, պետությունը հինգ ամիս շարունակ տրամադրում է 50 000 դրամ այն կազմակերպությանը, որտեղ դիմողը վերապատրաստվում է: Այնուհետև կնքվում է մեկ տարվա աշխատանքային պայմանագիր: Աշխատավարձը տրամադրում է գործակալությունը, իսկ հարկերը փոխհատուցում է պետությունը: Սակայն, եթե գործատուն կարծում է, որ վերապատրաստվելու կարիք չկա, և դիմողը կարող է միայն փորձաշրջան անցնել, երեք ամիս գործատուին տրամադրվում է շահառուի աշխատավարձը՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
Ժորա Սարգսյան (ԱՍՀՆ Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Եվ երրորդ տարբերակը, երբ որ գործատուն գտնում է, որ որևիցե կարիք չկա ո՛չ վերապատրաստվելու, ո՛չ ուսուցման, ո՛չ պրակտիկայի, այլ ինքը պատրաստ է հենց վաղվանից, օրինակի համար, ընդունելու աշխատանքի, մենք միանգամից 300 000 դրամ միանվագ փոխհատուցում ենք տալիս գործատուին, որպեսզի ինքը 1 տարի ժամկետով կնքի աշխատանքային պայմանագիր:
Սեպտեմբերից մեկնարկած ծրագրով մինչև այժմ կնքվել է 13 պայմանագիր:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան