ԳԱԱ նախագահության շենքում մեկնարկել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Միջոցառմանը հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։
Փառատոնին մասնակցելու համար անհատական կամ հետազոտական խմբերը՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են գիտահետազոտական նախագծեր: Եզրափակիչ փուլում նրանք ներկայացնում են հետազոտությունների արդյունքները:
«Շատ ոգևորիչ է տեսնել, որ այս տարի ավելի մեծ թվով դպրոցներ են մասնակցում փառատոնին, և թե ինչ բազմազան ու հետաքրքիր գաղափարներով են նրանք ներկայացել թե՛ բնական, թե՛ հասարակական գիտությունների բնագավառում։ Կառավարության ծրագրով բոլոր դպրոցներին լաբորատոր սարքավորումներ ենք տրամադրում, որոնց միջոցով աշակերտները հնարավորություն ունեն փորձեր կատարել։ Այսօրվա բազմազանությունը ցույց է տալիս, որ ձևավորված միջավայրերը նպաստում են աշակերտների՝ գիտությամբ ավելի ակտիվ զբաղվելուն»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա հույս է հայտնել, որ փառատոնի մասնակցությունն ավելի ու ավելի կխրախուսի դպրոցներում գիտության հանդեպ հետաքրքրությունը։
Նախարարը կարևորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությունը՝ որպես դպրոցներում գիտության հանրայնացման առանցքային դերակատարում ունեցող կառույց։ Նա կոչ է արել հանրությանը ներկա լինել գիտության փառատոնին՝ տեսնելու երեխաների ոգևորվածությունն ու աշխատանքը. «Իսկապես հրաշալի սերունդ ունենք, որը պետք է ունենա ամենալավ հնարավորությունները՝ մրցունակ մասնագետ ու լավ քաղաքացի դառնալու համար»։
2026 թ. փառատոնին մասնակցելու համար Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել է 96 հայտ, որից 81-ը՝ թիմային, 15-ը՝ անհատական, սովորողների թիվը 177-ն է: Եզրափակիչ փուլին մասնակցում է 77 նախագծային աշխատանք՝ 63 թիմային և 14 անհատական, ընդհանուր առմամբ՝ 140 սովորող՝ 40 ուսումնական հստատություններից:
«Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026»-ին մասնակցելու համար ներկայացվել են նախագծեր հետևյալ 5 անվանակարգերում՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ»։
Փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
Փառատոնի ամենանորարարական և մրցունակ գաղափարների հեղինակները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց նախագծերը միջազգային գիտական փառատոններին (ԱՄՆ «Regeneron» միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառ, ԵՄ երիտասարդ գիտնականների EUCYS մրցույթ, որն այս տարի տեղի կունենա Գերմանիայի Քիլ քաղաքում)՝ ձեռք բերելով միջազգային խոշոր մրցույթներին ներկայանալու և միջազգային ամենաբարձր չափանիշների պայմաններում մրցակցության հմտություններ ու փոխանակելով հետազոտական գաղափարները աշխարհի տարբեր երկրներից ժամանած իրենց հասակակիցների հետ։
