ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն և Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը։
Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է մշակութային համագործակցության կարևորությունը և մշակույթի ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժը։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած «Երաժշտական Բաթում» մշակութային ծրագիրը, որի շրջանակում ելույթ են ունեցել Աջարիայի պետական «Բաթումի» անսամբլը և Բաթումի պետական նվագախումբը։
Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև մշակութային համագործակցությունը շարունակաբար զարգանում է՝ հիմնվելով ոչ միայն համատեղ ծրագրերի, այլև ձևավորված ռազմավարական գործընկերության վրա, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցության շրջանակներն ու կյանքի կոչել նոր նախաձեռնություններ։
Նախարարը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ամռանը Երևանում անցկացվել են Վրաստանի մշակույթի օրեր, իսկ այս տարվա աշնանը նախատեսվում է Վրաստանում կազմակերպել Հայաստանի մշակույթի օրեր։
Կարևորելով մշակութային երկխոսությունը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դրա կարևոր բաղադրիչներից է թատրոնը և շնորհավորել Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ: Նա առանձնացրել է Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի գործունեությունը և կարևորել այնտեղ իրականացվող հիմնանորոգման աշխատանքները։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցելու երկու երկրների թատերական կազմակերպությունների միջև համագործակցության խորացմանը և հյուրախաղերի կազմակերպմանը։ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է նաև դիտարկել Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Բաթումի դրամատիկական թատրոնի մեջ համագործակցության հնարավորությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ Վանաձորը և Բաթումը հանդիսանում են քույր քաղաքներ:
Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկու երկրների միջև մշակութային համագործակցությունը զարգանում է՝ խթանելով մշակութային դիվանագիտությունը, որը կարևոր կամուրջ է բարեկամ և հարևան ժողովուրդների միջև։
Պաշտոնական այցի շրջանակում Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կոմիտասի ինստիտուտ-թանգարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց և այլ կրթամշակութային հաստատություններ։ Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարարը նշել է, որ հնարավորություն է ունեցել լսելու բազմաթիվ տաղանդավոր հայ երեխաների։
Կողմերը կարևորել են նաև երիտասարդ սերնդի ներգրավվածությունը մշակութային գործընթացներում՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները նպաստում են երկկողմ կապերի խորացմանը, փոխըմբռնման ամրապնդմանը և մշակութային արժեքների փոխանակմանը։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ այս օրերին էլ Վրաստանի Թելավի քաղաքում անցկացվում է Հայաստան֊Վրաստան երիտասարդական ճամբար, որին Հայաստանից մասնակցում են ներկայացուցիչներ ակտիվ երիտասարդական շրջանակներից, ՀՀ բուհերի ուսանողներ, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ստեղծած և ՀՀ մարզերում գործող երիտասարդական կենտրոններ հաճախող ակտիվ երիտասարդներ:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։