Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի կառավարության խնդրանքով մինչև ապրիլի 6-ը երկարաձգում է իրանական էլեկտրակայաններին չհարվածելու որոշումը: «Բանակցությունները շարունակվում են, և բավականին լավ», - նշել է ԱՄՆ նախագահը: Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Թեհրանը թույլ է տվել 10 նավթատարի անցնել Հորմուզի նեղուցով: Թրամփը կրկնել է՝ հաղթում են Իրանի դեմ պատերազմում, և շուտով ամեն ինչ կավարտվի:
Այնուհանդերձ, լուրեր են շրջանառվում, որ Հորմուզի նեղուցում կոնտեյներային նավ է այրվել, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապ ունեցող նավերը հայտնվելու են թիրախում: Իրանում նաև պաշտոնական մակարդակով հերքում են Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելու մասին հայտարարությունները: Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը դիմել է Թրամփին՝ հորդորելով վերջնագրեր չներկայացնել: Նրա խոսքով՝ պետք է հաղթեն և երաշխիքներ ստանան, որ պատերազմը չի կրկնվելու:
Փոխադարձ հարվածներն էլ շարունակվում են: Կրկին հարվածներ են հասցվել Թեհրանին և իրանական այլ բնակավայրերի: Պաշտոնական տվյալով՝ Իրանում զոհերի թիվը հատում է 1550-ը՝ այդ թվում՝ կանայք և երեխաներ, վիրավորվել է ավելի քան 22.000 մարդ՝ մեծ մասը մայրաքաղաքում: Իսրայելից խոստացել են ակտիվացնել և ընդլայնել Իրանի դեմ գործողությունները:
Հարվածներ են հասցվել նաև տարածաշրջանային օբյեկտների: Քուվեյթում երկու խոշոր նավահանգիստ է թիրախավորվել, հաղորդվում է լուրջ ավերածությունների մասին։ Պետքարտուղարությունը հորդորել է ԱՄՆ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Արաբական Միացյալ Էմիրություններ այցելությունից, իսկ այնտեղ գտնվողներին՝ պատրաստ լինել իրավիճակի հնարավոր վատթարացմանը:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան