Ռուսաստանը վստահ է, որ կհաղթի Ուկրաինայի դեմ հակամարտությունում՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը պնդել է, որ ռուսական ուժերը հաջողություններ են գրանցում, այնուհանդերձ պատրաստ են Ուկրաինայի հետ խաղաղության, և դա, ըստ Պեսկովի, կախված է Կիևից:
«Ռուսաստանը ողջունում է այլ երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղարար ջանքերը»,- շարունակել է ՌԴ նախագահի խոսնակը: Նրա խոսքով՝ Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կվերսկսվեն:
«Սակայն Կիևի համար խաղաղության պայմանները կվատթարանան բանակցային գործընթացի ձգձգմանը զուգընթաց։ Իսկ բանակցություններին եվրոպական ներկայացուցիչների մասնակցությունը կարող է բարդացնել գործընթացը»,- կարծիք է հայտնել Պեսկովը։
Ռուսաստանի արտգործնախարարն էլ վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել Վաշինգտոնի հետ շփումները՝ հաշվի առնելով ռուս-ուկրաինական հակամարտության հարցում ամերիկյան կողմի դիրքորոշումը: «Նախագահ Թրամփը և նրա թիմը ճանաչում են գետնին ստեղծված իրավիճակը: Մոսկվայում դա դրական արձագանք է առաջացնում»,- մանրամասնել է Սերգեյ Լավրովը: Նա հավելել է՝ նաև կա ընկալում, որ Կիևը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում: