Մարտի 26-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Միջկառավարական հանձնաժողովը համանախագահել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի պետքարտուղար Տրիստան Ազբեյը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած նիստի ընթացքում ներկայացվել են երկու երկրների տնտեսական հնարավորությունները: Կողմերը հանգամանալից քննարկումներ են ունեցել առևտրատնտեսական, էներգետիկայի, ջրային ռեսուրսների, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթական և մշակութային ոլորտներին առնչվող առանցքային հարցերի շուրջ: Կառուցողական մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում նախանշվել են միջկառավարական հանձնաժողովի հետագա քայլերը՝ համագործակցային ծրագրերի իրականացման և ոլորտային համագործակցության ընդլայնման միտումով:
Երկուստեք վերահաստատվել է Հայաստանի և Հունգարիայի միջև փոխշահավետ համագործակցության ներուժի լիարժեք բացահայտման նպատակով անհրաժեշտ ջանքեր գործադրելու փոխադարձ պատրաստակամությունը:
Նիստի արդյունքներով ստորագրվել են միջկառավարական հանձնաժողովի կանոնակարգն ու անդրանիկ նիստի արձանագրությունը:
Նույն օրը արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն աշխատանքային քննարկում է ունեցել արտաքին գործերի և առևտրի պետքարտուղար Տրիստան Ազբեյի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերությունների դրական ընթացքը, կարևորվել է քաղաքական երկխոսության կայուն շարունակականությունը, համատեղ ջանքերով ոլորտային համագործակցության զարգացումն ու միջմարդկային կապերի հետագա խթանումը: Նախարարի տեղակալ Կոստանյանը բարձր է գնահատել «Hungary Helps» ծրագրով Հայաստանին տրամադրվող թիրախային աջակցությունը:
.jpg)