Ազգային ժողովում օգոստոսի 24-ին մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի՝ 2026 թվականի աշխատանքները:
«Արդեն երրորդ տարին է, ինչ ՀՀ Ազգային ժողովը ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի հետ համատեղ իրականացնում է «Երիտասարդական խորհրդարան» նախագիծը: Ձեր ակտիվ մասնակցությունը փաստում է, որ այն հաջողված է ու պահանջված»,- ողջունելով մասնակիցներին՝ նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը։
Նա շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործընկերներին՝ ընդգծելով, որ ԱԺ աշխատակազմի հետ արդյունավետ ու շարունակական համագործակցությունը կարևոր արդյունքներ է արձանագրել՝ նպաստելով երիտասարդների քաղաքացիական կրթությանը, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և հանրային կյանքում նրանց ակտիվ ներգրավվածությանը։ Դավիթ Համբարյանը հորդորել է երիտասարդներին յուրաքանչյուր հանդիպումից և քննարկումից փորձել վերցնել առավելագույնը՝ մաղթելով հետաքրքիր, բովանդակալից և արդյունավետ աշխատանքային օրեր։
Երիտասարդական խորհրդարանի անդամներին ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ողջույնի խոսքն ու ջերմ շնորհավորանքներն է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի օգնական Էլինա Իշխանյանը՝ նկատելով, որ երիտասարդ լինելը բազում դռներ է բացում իրենց առջև։ «Երիտասարդ լինելը նոր գաղափարներ հռչակելու մեծ հնարավորություն է։ Այս առումով մեզ համար ոգեշնչող օրինակ է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով ընտրվելուց հետո դարձավ աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը»,- նշել է Էլինա Իշխանյանը։
ՄԱԶԾ խորհրդարանական աջակցության ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը, ընդգծելով իրականացվող ծրագրերի կարևորությունը, ներկայացրել է վերջին մի քանի տարիների աշխատանքները, ԵԽ օրակարգը։ Նա երիտասարդներին հորդորել է լիարժեք իրացնել Ազգային ժողովում իրենց ձայնը լսելի դարձնելու բացառիկ հնարավորությունը։
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, հաջողություններ մաղթելով Երիտասարդական խորհրդարանի անդամներին, նշել է, որ այս հարթակում Ազգային ժողովի աշխատակազմի փորձագետները, ԱԺ քարտուղարության աշխատակիցները, միջազգային գործընկերների աջակցությամբ կներկայացնեն օրենսդիրի գործունեությունը, օրենսդրական մեխանիզմներն ու գործիքակազմը։
2026 թվականի Երիտասարդական խորհրդարանն ունի 44 անդամ։ Ձևավորվել է 3 մշտական հանձնաժողով․ Առողջապահության հարցերի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի։ Երիտասարդներն ընդգրկվել են հանձնաժողովների աշխատանքներում ինքնաառաջադրմամբ՝ ըստ իրենց նախասիրությունների։ Ընտրվել են մշտական հանձնաժողովների նախագահներ և տեղակալներ։
Երիտասարդական խորհրդարանի անդամներն աշխատանքի շրջանակում ծանոթացել են խորհրդարանի գործունեությանը, Ազգային ժողովի մարմինների և մշտական հանձնաժողովների գործառույթներին ու ընթացակարգերին, դիտել 2025 թվականի Երիտասարդական խորհրդարանի գործունեության վերաբերյալ տեսահոլովակը։
ՄԱԶԾ «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի, Նորվեգիայի և Կանադայի կառավարությունների, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից: