ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից 50% մաքսատուրք կսահմանի Կանադայում արտադրված մեքենաների, բեռնատարների, ավտոպահեստամասերի և պողպատի համար։
«Մաքսատուրքեր չեն լինի, եթե դրանք հավաքվեն ԱՄՆ-ում»,- գրել է նա TruthSocial սոցիալական ցանցում։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը Կանադայի նկատմամբ հասել է 60 միլիարդ դոլարի՝ Օտտավայի կողմից ամերիկյան գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի պատճառով։ Նախագահն ընդգծել է, որ Կանադան կարիք ունի ԱՄՆ-ի, այլ ոչ թե հակառակը, և որ կանադական բիզնեսի 95%-ը գտնվում է ԱՄՆ-ում։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին էլ ասել է, որ կանադական ապրանքների վրա 50% մաքսատուրքերի նոր ալիքը Վաշինգտոնի կողմից «սխալ հաշվարկ» է։
«Մենք չենք կարող ընդունել այն, ինչ նրանք առաջարկել են, և չենք տա այն, ինչ պահանջել են»,- հայտարարել է Քարնին՝ մեկնաբանելով բանակցությունների ձախողումը, որի մասին հայտնի է դարձել երեկ երեկոյան: Քարնին հայտնել է, որ հրաժարվել է ԱՄՆ-ի հետ գործարքից, քանի որ պատրաստ չէր «զոհաբերել Կանադայի ինքնիշխանությունը»:
Վարչապետը հավելել է, որ Կանադան կգործի համաչափ («դոլար՝ դոլարի դիմաց»)։ Ակնկալվում է, որ սեպտեմբերի 8-ից մաքսատուրքեր կսահմանվեն ամերիկյան պողպատի, կաթնամթերքի, կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի, ինչպես նաև այլ ապրանքների համար։
Ավելի վաղ երկու կողմերը լավատեսորեն էին տրամադրված գործարքի հեռանկարների նկատմամբ, բայց հետո միմյանց մեղադրեցին վերջին րոպեին փոփոխություններ կատարելու համար։