Ուղիղ հրահանգի ենթարկվող մի շարք հոգևորականներ (իմ տեսածն եմ ասում) Սուրբ և անմահ պատարագի ժամանակ խորաններից կոչ են հղում առ Աստված, որ նա պահպանի Արցախի Հանրապետությունը՝ այսպիսով Եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ: Սա ընդհանրապես շատ հետաքրքիր ֆենոմեն է: Այս մասին իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Այս կոչերը հնչեցնում են, հետո ասում են՝ «Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք», այսինքն՝ պատերազմի կոչ անելով՝ Աստծուն պետք է չէ աղաչել խաղաղության համար, պետք է խաղաղությանը տեր կանգնել, ջանք գործադրել խաղաղությունը պահպանելու համար:
Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է ՀԱԵ փաստացի պետը հանգստի կոչվի, բայց միակ պատճառը չէ: Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին, որտեղ շարադրվում են տասնյակ փաստեր, որ Կտրիճ Ներսիսյանը…»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, և ելույթն ընդհատվեց, քանի որ Գարեգին Բ-ին ավազանի անունով դիմելուց հետո ԱԺ դահլիճում ընդդիմադիրները սկսեցին հարվածել սեղաններին՝ ի նշան բողոքի, իսկ իշխող խմբակցության պատգամավորները ծափահարեցին՝ ի պատասխան այդ բողոքի:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Ինչ հետաքրքիր է, թե ինչքան վատ պետք է անես քո գործը, որ զբաղեցնես մի գահ, որ կոչվում է «Ամենայն Հայոց…», բայց երբ քո անունը հնչի, պառակտում մտնի ամեն տեղ: Ավելի լավ գնահատական քո վատ աշխատանքին հնարավոր չէ տալ»:
Նիկոլ Փաշինյանը շարունակեց ընդհատված ելույթը, կրկին Գարեգին Բ-ին դիմեց ավազանի անունով, որից հետո կրկին ընդդիմադիրները հարվածեցին սեղանին, իսկ իշխող խմբակցության պատգամավորները ծափահարեցին, վարչապետն ամփոփեց խոսքը. «…Որ Կտրիճ Ներսիսյանը ՀԱԵ-ն դուրս է դրել կանոնական ծիրից՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Եվ եթե նկատել եք՝ ՀԱԵ բարենորոգման օրակարգը նույնպես տեղ ունի Կառավարության ծրագրում»:
Հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում կրոնական կազմակերպությունները գործում են պետությունից անջատ, նաև Հայաստանը ՀԱԵ-ն ճանաչում է հայ ժողովրդի հոգևոր կյանքում որպես բացառիկ առաքելություն ունեցող: Այդ համատեքստում պատգամավորը հետաքրքրվեց. «Տևական ժամանակ է ձեր քաղաքական ուժը փորձում է միջամտել ՀԱԵ գործերին: Չե՞ք կարծում՝ այստեղ կա Սահմանադրության հետ հակասություն»:
«Իմ կարծիքով և ակնհայտորեն, երբ այդ գիծը հատել ես, էլ վերադարձ չկա: Այսօր Եկեղեցու վերնախավի մի հատվածն առնվազն քաղաքական կուսակցություն է, և ձեր քաղաքական շարժման մասնակիցներն են, իսկ Կտրիճ Ներսիսյանն ունի դուստր»,- արձագանքեց Փաշինյանը, որից հետո ընդդիմադիրները կրկին հարվածեցին սեղանին, իսկ իշխող խմբակցության պատգամավորները ծափահարեցին:
Փաշինյանը շարունակեց. «Դմփդմփոցն այդ փաստը չի կարող ջնջել, Կտրիճ Ներսիսյանն աղջիկ ունի…»: Դահլիճից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գոչեց՝ հանգի՛ստ թողեք Վեհափառին: Փաշինյանն արձագանքեց. «Կտրիճ Ներսիսյա՛նը պետք է հանգիստ թողի Վեհափառին»:
Այս հայտարարությունից հետո դահլիճում ընդդիմադիրներն սկսեցին վանկարկել՝ Վեհափա՛ռ, Վեհափա՛ռ: Փաշինյանն արձագանքեց. «Եթե ձեզ համար սիրուհի ունեցող վեհափառը նորմալ է, ինձ համար որպես ՀԱԵ հետևորդ դա պղծություն է: Պիղծ է ձեր վեհափառը: Պիղծ է: Եթե դուք խնդիր չունենք, որ Մայր Աթոռում նստած մարդը սեռական կյանք ունի, դմփդմփացրեք ինչքան ուզում եք»: