Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը պետք է առերեսվենք, հաշտ լինենք այն փաստի հետ, որ անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ: Այս մասին իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց՝ ելույթներից մեկի ժամանակ ասել է, որ խաղաղությունը անշրջելի, և հարատև դարձնելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ-ում ԼՂ հայերի վերադարձի և Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթները չշարունակվեն, և որ սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա՝ հանուն սերունդների խաղաղ համակեցության իրավունքի:
«Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների խաղաղությունն ու խաղաղ համակեցությունն է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք և հետապնդենք, պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որևէ խոսույթ և գործողություն: Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել»,- ասաց նա:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը. «Հայաստանյան ավագ և միջին սերնդի բոլոր գործիչների քաղաքական ծագումնաբանությունը հանդիսացած Ղարաբաղյան շարժմանը և Ղարաբաղը Հայաստան տեսնելու գաղափարին անմնացորդ նվիրումն է, որ ինձ ու իմ գործընկերներին համարձակություն է տվել առաջ գնալ, բացել վարագույրը և տեսնել, թե ինչ կա Ղարաբաղի շարժման հետևում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ՀՀ-ն Ղարաբաղի համար 35 տարի բացարձակապես ոչինչ չի խնայել:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց՝ Հայաստանը չպետք է Հայաստան փնտրի ոչ միայն Ադրբեջանում, այլև Թուրքիայում, Վրաստանում, Իրանում:
«Երբ մենք հայրենիքն ենք փնտրում մեր չորս հարևանների միջազգայնորեն ճանաչված տարածքներում, բացում ենք այն դուռը, որով նրանք իրենց հայրենիքն են փնտրում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներում, և ստացվում է, որ մենք փնտրում ենք 4 տեղ, իրենք 4-ով փնտրում են մի տեղ՝ մեր երկրում, մեր պետությունում, մեր հայրենիքում, ու մենք հայտնվում ենք 1-ը ընդդեմ 4-ի կարգավիճակում…
Ու երբ հայտնվում ենք այս կարգավիճակում, անխուսափելիորեն հասկանում ենք, որ չենք կարող նման հարևանության մեջ ապրել առանց արտաքին օգնության, իսկ նա, ով գալիս է մեզ օգնելու, որ մենք մեր հարևանության մեջ կարողանանք ապրել, պարզվում է՝ ինքն էլ իր հայրենիքն է փնտրում այստեղ, և նույնիսկ վիրավորվում է, որ մենք մեզ, մեր պետությանն ու անկախությանը լուրջ ենք վերաբերում, որ ընդամենը տեղապահ ենք, ժամանակավոր տեղապահ և գործիք իր պատմական արդարության վերականգնման համար»,- ասաց նա: