Ցանկացած մեկը, ով ՀՀ բյուջեից փող է գողացել, կոռուպցիայով է զբաղվել, ով ՀՀ պետական գույքը ջրի գնով մասնավորեցրել, դրել է իր ընտանիքի գրպանը, հարգելի՛ իրավապահ մարմիններ, կոչ եմ անում, տվեք ասֆալտին, տարեք փակեք: Այդ մասին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանն առնչվող հարցին ու դրա՝ քաղաքական պատվեր լինելու հանգամանքին:
«Հիմա էստեղ հարցն էն է՝ արե՞լ են, թե՞ չեն արել: Հիմա սա քաղաքական պատվե՞ր է: Եթե, ըստ ձեզ, իմ ասածը քաղաքական պատվեր է, հազար ներողություն էս բանի համար, կրկնապատկում եմ էդ քաղաքական պատվերը: Իրենք ինչ են ասում՝ արե՞լ են, թե՞ չեն արել: Ով ինչ ելույթ ունեցավ, ով ինչ ասաց, դա՝ մի կողմ: Այդ ընկերության 50 տոկոսը Սեդրակ Քոչարյանին, որպես նվեր, փոխանցվե՞լ է, թե՞ չէ էն բանից հետո, երբ Ավանում ջրի գնով 8,3 հա է առել էդ ընկերությունը: Եղել է, թե՞ չի եղել»,- ասաց Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարան եկած օրվանից Լևոն Քոչարյանը (ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) խոսել է միայն իր ու իր ընտանիքի պաշտպանության մասին:
«Հասկացանք, ամեն ինչ հասկացանք: Եկեք պատասխանեք՝ էդ ամեն ինչը ձեզ որտեղի՞ց, ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է լրագրողների դիտարկմանը, թե խախտում է անմեղության կանխավարկածը, Ալեքսանյանն ասաց՝ այդ ամենն ասում է՝ հարգելով անմեղության կանխավարկածը:
Ինչ վերաբերում է դատական համակարգի անկախությանը վերաբերող հարցին, ասաց՝ դատական համակարգի նկատմամբ հանրային վերահսկողություն պետք է լինի, լրագրողները պետք է լայնորեն լուսաբանեն գործը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը տիրապետում է մեծ քանակի մեդիաների, իսկ «փաստաբանների մեծ մասը ցոփ ու շվայտ կյանք» է ապրում, քանի որ նրանց պաշտպանյալները գերվճարունակ են, դոլարային միլիոնատերեր, որոնց նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքներ կան:
«Հանրային վերահսկողությունը դատավորների նկատմամբ, ես վստահ եմ, որոշակի արդյունքի կբերի»,- ասաց Ալեքսանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ էին ստացվել առ այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։
Գործի դրվագներից մեկի համաձայն՝ Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող 8,3 հա հողամասը ձեռք է բերվել 44,657,000 ՀՀ դրամով, որտեղ 2002 թվականին կառուցվել է «Փլեյ Սիթի» ժամանցային կենտրոնը, իսկ երկու տարի անց՝ 2004 թվականի նոյեմբերի 15-ին, գույքի սեփականատեր «Ֆաստ քարթ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը նվիրատվությամբ փոխանցվել և գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։