Կրեմլի խոսնակը մեկնաբանել է Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը, որ Ռուսաստանը Պետդումայի՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, ևս 300 000 զինվորի կմոբիլիզացնի: Դմիտրի Պեսկովը նշել է, որ նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են։
«Այդ լուրերը տարածում են Ուկրաինայի իշխանությունները։ Նրանք փորձում են ապակայունացնել իրավիճակը մեր երկրում»,- հավելել է ռուս պաշտոնյան։
Պեսկովը նաև հայտարարել է, որ Մոսկվան բաց է ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար:
«Սակայն նման հնարավորության բացակայության պայմաններում շարունակում ենք հատուկ ռազմական գործողությունը»,- ասել է Կրեմլի խոսնակը, շեշտել՝ Ռուսաստանը հաղթելու է, այլ հարց է՝ ինչ միջոցներով:
Պեսկովը նաև կրկնել է, որ Դոնբասը ռուսական տարածք է, և երրորդ կողմերը չեն կարող զբաղվել դրա կառավարմամբ: