Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը վերսկսել են գործողություններն Աֆղանստանի դեմ ժամանակավոր դադարից հետո՝ ցրելով մշտական հրադադարի հույսերը՝ հաղորդում է Reuters-ը։
Անցյալ ամիս Պակիստանի և Աֆղանստանի միջև բռնկվեցին վերջին տարիների ամենադաժան մարտերը, երկու կողմերն էլ մեծ մարդկային կորուստներ կրեցին։ Պակիստանը շարունակում է պնդել, որ «ճշգրիտ հարվածներ է հասնում ռազմական օբյեկտներին և ահաբեկիչների աջակցության ենթակառուցվածքներին»:
Ռազմական գործողությունների դադարեցում հայտարարվեց իսլամական Իդ ալ Ֆիտր տոնի կապակցությամբ: Ըստ Իսլամաբադի՝ այդ հարցով դիմել էին Թուրքիան, Կատարը և Սաուդյան Արաբիան։
«Դադարն ավարտվել է մարտի 23-ի և 24-ի միջև ընկած ժամանակահատվածում», - ասել է Պակիստանի ԱԳՆ խոսնակը: Նա նշել է, որ գործողությունները կշարունակվեն մինչև սահմանված նպատակներին հասնելը, այնքան ժամանակ, քանի դեռ թալիբների աֆղանական վարչակազմը չի վերանայել, ըստ խոսնակի, ահաբեկչական ենթակառուցվածքներին աջակցելու սխալ քաղաքականությունը:
Իսլամաբադը թալիբներին մեղադրում է Պակիստանի տարածքում հարձակումներ իրականացնող իսլամիստ գրոհայիններին պատսպարելու և աջակցելու համար: Քաբուլը հերքում է դա՝ հայտարարելով, որ գրոհայինները Պակիստանի ներքին խնդիրն են: